Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը նախատեսում է մինչեւ 2026 թվականը նվազագույն աշխատավարձը հասցնել 85 հազար դրամի

Նոյեմբեր 05,2021 14:12

Կառավարությունը նախատեսում է մինչեւ 2026 թվականը նվազագույն աշխատավարձը հասցնել 85 հազար դրամի։ Այս մասին այսօր խորհրդարանում հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Առաջին քայլերը կարվեն 2023 թվականին։

Հիշեցնենք, որ Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամ է:

The joint sitting of the NA Standing Committees on Labor, Social and Financial-Budgetary Affairs took place at the RA National Assembly

Փոխնախարարը պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հարցին՝ 2022-ի բյուջեում նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում, մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա: Ըստ պատգամավորի, հունիսի դրությամբ նվազագույն սպառողական զամբյուղը 70 հազար դրամ էր, այժմ, իր գնահատմամբ, 75 հազար դրամ, գնաճն էլ շարունակվում է եւ մինչեւ տարեվերջ՝ կառավարության գնաճի սահմանած ցուցանիշով, նվազագույն սպառողական զամբյուղը կմոտենա 80 հազար դրամին:

Այս պարագայում պատգամավորին անհասկանալի է, թե ինչո՞ւ 13, 5 միլիարդ դրամի չափով կրճատվել են ուղիղ սոցիալական հատկացումները: Օրինակ, պատվովճարների, անապահովության նպաստի, որի ամսեկան չափը 31 հազար դրամ է: 670 միլիոն դրամով էլ սոցիալական փաթեթի չափն է նվազել: 18-ից բարձր տարիքի համար տրամադրվող խնամքի ծառայությունները նույնպես կրճատվել են, աշխատավայրում դժբախտ դեպքերի համար փոխհատուցվող գումարներն են ցածր, դեռ 8 միլիոն դրամով էլ կրճատվել են: 534 միլիոն դրամով կրճատվում են նաեւ զբաղվածության աջակցության ծրագրերը, ինչը չի համապատասխանում կառավարության ծրագրի այն դրույթին, որ մարդուն նպաստից աշխատանք են տեղափոխելու: Նվազել է նաեւ կանանց ու ընտանիքներին տրամադրվող օգնությունների չափը, կենսաթոշակային ապահովության ծրագրերը՝ 4,4 միլիարդով են կրճատվել: 585 հազար կենսաթոշակառուներից եւ սոցիալական նպաստառուներից, բյուջեով նախատեսվող բարձրացումը, ըստ պատգամավորի, վերաբերվում է 17 տոկոսին, այն էլ՝ 3-4 հազար դրամով: Մինչդեռ, 28 տոկոսով ավելացել են կառավարման ապարատի ծախսերը եւ եթե սա ուղղվեր կենսաթոշակների բարձրացմանը, հնարավոր կլիներ 10 տոկոսով բարձրացնել բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակը:

Նարեկ Մկրտչյան

Նախարար Նարեկ Մկրտչյանը ընդհանրական պատասխաններ տվեց՝ նկատելով, որ երկիրը երկու ճգնաժամ է անցել՝ պատերազմ եւ կորոնավիրուս, ինչը եւ տնտեսական եւ սոցիալական բեռ է բերել: Միաժամանակ, ըստ նրա, նվազագույն կենսաթոշակի, սոցիալական ապահովության նպաստների բարձրացում նախատեսված է: 15.600 աշխատանքային թոշակառուների, նաեւ զինծառայողների կենսաթոշակների բարձրացում է նախատեսված: Անապահովության գնահատման համակարգում էլ հայեցակարգային փոփոխություններն են քննարկվում:

Ոլորտային այլ փոխնախարարներն էլ իրենց պարզաբանումներում նկատեցին, որ կառավարության հնգամյա ծրագրում են շատ միջոցառումներ նախատեսվում, բայցի այդ, կան ծրագրեր, որոնք իրականացվում են միջազգային կառույցների օժանդակությամբ, ուստի բյուջեի նախագծում ներառված չեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լրացում. Ավելի ուշ, նախարարության գլխավոր քարտուղարը հստակեցրեց, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության ապարատի պահպանման ծախսերը չեն ավելացել: Նախագծում նշված թվի ավելացումը պայմանավորված է միասնական սոցիալական ծառայության կառույցի պահպանման ծախսերով: Կառույցը ստեղծվել է 2021-ին ապրիլի 1-ից, որին միացել են մարզպետարանների համապատասխան բաժինները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930