2022 թվականի պետական բյուջեով 34.7 միլիարդ դրամ կուղղվի Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով: Խորհրդարանում 2022-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Ներկայացվել է 579.9 միլիարդ դրամի հայտ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 76.7 միլիարդ դրամով, սակայն սրանից 36.2 միլիարդը կուղղվի կուտակային հատկացումների մասնակցի կենսաթոշակային հաշվին, իսկ 34.7 միլիարդը ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցումն է»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը ներկայացրեց պարգեւավճարներ եւ պատվովճարներ ծրագրի վերջնական արդյունքը. ծրագրի 2020-ի փաստացի ծախսը կազմել է 11 միլիարդ դրամ, իսկ շահառուների թիվը՝ 34 հազար 521 անձ: 2021-ի պետբյուջեից այս նպատակով հատկացվել է 11.3 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը կանխատեսված է եղել 36 հազար 437 անձ: 2022 թվականի համար այս մասով նախատեսվում է 11 մլրդ դրամ՝ 35 հազար 430 շահառուի համար:
Անապահով սոցիալական խմբերի աջակցության համար 2022-ի համար նախատեսվել է 30 մլրդ 921 մլն 306 հազար դրամ: 2020-ի ծախսը եղել է 30 մլրդ 797 մլն 536 հազար դրամ, իսկ 2021-ի պետբյուջեով այս նպատակի համար հատկացված եղել է 37 մլրդ 188 մլն 32 հազար դրամ:
Կարդացեք նաև
Նախարարը վստահեցնում է՝ կառավարության ուշադրության կենտրոնում ժողովրդագրական իրավիճակն է:
Նա տեղեկացրեց նաեւ, որ նախարարությունը քննարկում է հնարավորությունը՝ նախկինում ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած ավանդների դիմաց փոխհատուցում տալու ծրագրի շահառու դարձնել նաեւ Արցախի հայրենակիցներին: Խոսքը «ՎՏԲ Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող եւ նախկինում ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման մասին է: 2022-ից ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք կտրվի նաեւ մինչև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված ավանդատուներին. մինչ այդ, մինչեւ 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածներին էր տրված այդ իրավունքը:
2022-ի համար նախատեսվում է այս մասով 1 մլրդ 515 մլն դրամի հատկացում, որի շրջանակում փոխհատուցում կտրամադրվի շուրջ 7900 շահառուի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ