ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությանը 2022 թվականի բյուջեով ամենամեծ հատկացումն է արվել. 16 ծրագիր, 93 միջոցառում, որի համար կտրամադրվի 580 միլիարդ դրամ: 2021-ին եղել է 503,6 միլիարդ: Աճը կազմում է 15,1 տոկոս: Այս թվերն այսօր խորհրդարանում հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հրապարակեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը նկատեց՝ 2020 թվականից հետո սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացումները ՀՆԱ-ի նկատմամբ նվազել են. 2020-ի բյուջեում ՀՆԱ-ի նկատմամբ հատկացումները կազմել են 8,8 տոկոս, 2022-ին՝ 7,39 տոկոս: Նվազում կա նաեւ ծախսերի ծավալում տեսակարար կշռի մասով. 2020-ի 28,8-ից՝ այժմ առաջարկվում է իջեցնել 26,6, 2021-ին եղել է 27,3: Ըստ պատգամավորի, նաեւ բյուջեի ծախսային մասում 2021-ի համեմատ աճ է գրանցվում 18,3 տոկոսով, եկամտային մասն էլ 28,9 տոկոս: Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են նման թվերի պարագայում ընդհանուր ծախսերն ավելի շատ ավելանում, քան բուն սոցիալական ծախսերը:
Նախարարը պարզաբանեց՝ 2020-ի համեմատ նվազումը մի քանի պատճառահետեւանքային կապ ունի: Կառավարությունում կանխատեսում են, որ 2022 թվականի ընթացքում բարձր՝ 7 տոկոս տնտեսական աճ պետք է լինի եւ նախատեսվող անելիքները՝ ֆինանսավորման կառուցվածքով, միտված են այդ աճի միջավայրը ապահովելուն: Հաջորդականության մեջ, սկզբում մեծ ուշադրություն է հատկացվում ենթակառուցվածքներին եւ կրթությանը, ինչը ապահովելու է տնտեսական աճ, դրա արդյունքն էլ ուղղվելու է սոցիալական ոլորտին, ոչ միայն քանակական, այլ նաեւ որակական առումներով: Այն, ինչ պատգամավորը համեմատական ցուցանիշների առումով նկարագրում է, ըստ նախարարի, մեկ տարվա ընթացքում կարող է տեղի ունենալ, բայց հետագայում հարցը կլուծվի:
Թադեւոս Ավետիսյանը չհամաձայնեց՝ նկատելով, որ գնաճը բերել է մարդկանց իրական եկամուտների նվազման, ինչի մասին նախարարը չխոսեց: Ըստ նրա, 2020 թվականի աղքատության մակարդակի մասին տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանում աղքատության մակարդակն աճել է 7 տոկոսային կետով։ Թեեւ 2021-ը դեռ չի ավարտվել, սակայն առկա կանխատեսումները, ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, արդեն մտահոգություն են առաջացնում. «Փաստացի ունենք տեղեկություններ, որ քաղաքացիների իրական եկամուտները կրճատվել են, ծախսերը՝ ավելացել ավելի քան 18 տոկոսով։ Այսինքն, ստացվում է, որ նրանց եկամուտները պետք է ավելանան գրեթե 29 տոկոսով»: Նա նաեւ նկատեց, որ նախարարի նշած՝ ոլորտին հատկացված 580 միլիարդից 106 միլիարդը շահառուին չի հասնելու. դա պարտադիր կենսաթոշակայինի փոխհատուցումների գումարն է: Ըստ պատգամավորի, հատկացումները բալանսավորված չեն եւ տպավորություն է, որ մակրոտնտեսական ցուցանիշները կառավարությունում ավելի են կարեւորել, քան սոցիալական ոլորտը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ