Լրահոս
Օրվա լրահոսը

Աղետալի անվստահություն

Նոյեմբեր 05,2021 10:00

«Ինչո՞ւ այս ազգը չի համախմբվում»՝ այդ հռետորական հարցն ինձ հաճախ են տալիս հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները: Եվ, ինչպես որ դա սովորաբար լինում է, հենց իրենք էլ պատասխանում են հարցին՝ չսպասելով, մինչեւ հայտնեմ իմ նկատառումները: «Որովհետեւ, – ասում են նրանք, – մեզ մոտ հարյուր հատ կուսակցություն կա, ինչպես նաեւ 100-ից ավելի պատգամավոր: Բա էս մի բուռ ազգին էդքան պատգամավոր կամ կուսակցություն պե՞տք է»: Ինձ թվում է, սակայն, որ իմ զրուցակիցները խոսում են հետեւանքների, ոչ թե պատճառների մասին:

Սոկրատեսի աշակերտներից մեկը, ուսուցչին վերջին անգամ տեսնելիս, սրտնեղում է՝ «ամենացավալին այն է, որ քեզ մահվան են դատապարտել անարդարացիորեն»: Ինչին Սոկրատեսը պատասխանում է՝ «Իսկ դու շա՞տ կուրախանայիր, եթե ինձ դատապարտեին արդարացիորեն»: Փոքր-ինչ ձեւափոխելով այդ միտքը, ուզում եմ հարցնել՝ ազգը միասնակա՞ն կլիներ, եթե մենք ունենայինք, ասենք, 5 կուսակցություն կամ 40 պատգամավոր: Խիստ կասկածում եմ: Հասարակության պառակտվածության պատճառը քաղաքական հոսանքների քանակը չէ՝ մանավանդ, որ դրանք, որպես կանոն, քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեն: Մեր նման հասարակությունների խնդիրը իրար հանդեպ վստահության ցածր մակարդակն է:

Ռուսաստանցի տնտեսագետ Ալեքսանդր Աուզանը դասախոսությունների հրաշալի շարք ունի՝ տնտեսություն եւ մշակույթի փոխկապակցվածության եւ, մասնավորապես, այն մասին, թե ինչպես է վստահության (ոչ միայն իշխանության հանդեպ, այլեւ՝ քաղաքացիների մեջ ստեղծված փոխվստահության) բարձր մակարդակը նպաստում տնտեսության առաջընթացին: Ըստ այդ՝ ամենաշատն իրար վստահում են շվեդները՝ 63 տոկոսը կարծում է, որ, ընդհանուր առմամբ, մարդկանց կարելի է հավատալ: Զարմանալի՞ է արդյոք, որ այդ երկրում ոչ միայն բարձր են տնտեսական ցուցանիշները, այլեւ համավարակի դեմ պայքարում գրանցվել են շոշափելի հաջողություններ, առանց լոքդաունների եւ խիստ սահմանափակումների:

Փոխադարձ վստահությունը եւ իշխանությունը պահելը տարբեր բաներ են: Վերջինս յուրահատուկ, այսրոպեական երեւույթ է: Օրինակ, Հայաստանում այժմ բավարար է ցույց տալ Քոչարյանի խրտվիլակը, եւ քաղաքացիների մեծամասնությունը կբացականչի՝ «վայ, միայն թե ո՛չ ինքը» (ես էլ՝ բոլորի հետ միասին): Բայց իրական վստահության մթնոլորտի հետ դա կապ չունի: Ի դեպ, նման մթնոլորտի ծիլեր կային նախորդ տասնամյակում՝ դրանք երեւում էին քաղաքացիական շարժումների եւ, իհարկե, 2018 թվականի հեղափոխության ժամանակ: Բայց իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի այդ ծիլերը վերանան, իսկ թե ինչու է այդպես վարվել, առանձին խոսակցություն է:

Այժմ Հայաստանում «քովիդից» օրական 50 հոգի է մահանում: Կարծես թե ճիշտ ժամանակն է՝ անկախ քաղաքական հայացքներից, անկախ համակրանք-հակակրանքներից «թագավարակ» կոչվող չարիքի դեմ համախմբվելու: Բայց դուրս եկեք փողոց եւ առանց տեսախցիկների հարցրեք մարդկանց կարծիքը: Վստահ եղեք, որ նրանց մեծամասնությունը չի հավատում ո՛չ պաշտոնական թվերին, ո՛չ պատվաստվելու անհրաժեշտությանը, ո՛չ էլ կառավարության միջոցառումների արդյունավետությանը: Այդ պարագայում անվստահությունը պարզապես աղետալի է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «…Ի դեպ, նման մթնոլորտի ծիլեր կային նախորդ տասնամյակում՝ դրանք երեւում էին քաղաքացիական շարժումների եւ, իհարկե, 2018 թվականի հեղափոխության ժամանակ:»
    Տարօրինակ է ուղեղների լվացման միջոցով ատելության քարոզի շուրջ համախմբումն անվանել «վստահության մթնոլորտի ծիլեր»:

  2. Հ.Շ. says:

    . Զուտ ժողովրդավարութեան նիւթի կապակցութեամբ, ընտրութիւններուն մասնակցող խմբակներուն թուաքանակը, մաս կը կազմէ նաեւ մատնանշուած խնդրին պատճառներուն: Եւ հարցը միայն նրանց քանակը չէ, այլ նաեւ այն իրողութիւնը որ Հայաստանի մէչ, ամէն մի հիմնական Գաղափարի կապակցւթեամբ – եթէ կայ -, մի քանի հատ տարբեր խմբակներ կայ: Կամ էլ մի քանի հատը, ոչ մէկ գաղափարաբանութիւն չունեն, այլ միայն ժողովրդային այս կամ այն հատուածը «հմայող», տարօրինակ անձնաւորութիւնների բեմն ու հարթակն են:

    Որեւէ իսկական ժողովրդավար երկրի մէջ, կան առաւելագոյնը՝ երեք կամ չորս կուսակցութիւններ: Աջ, Ձախ, Կեդրոն, շատ յստակ բաժանումներով. մնացեալ տարբերակները, ամէն մէկը իր մէջ կը բովանդակէ, Ձախի կուսկացութիւնը ունի իր ծայրայեղականներն ու չափաւորները, Աջը նոյնպէս, Կեդրոնն ալ Քուէարկողը հեշտօրէն կը կողմնորոշուի: Կամ գոնէ, չի շուարիր – ու այդ պատճառով ձեռնպահ չի մնար – : ԱՄՆում, որ վերջապէս կը հանդիսանայ արդի ժողովրդավարութեան բարձրագոյն մոդելը, կան միայն ու միայն երկու կուսակցութիւններ, գաղափարական շատ յստակ տարբերութիւններով, որոնցմէ մէկը կամ միւսը միայն կրնան դառնալ իշխանութիւն:

  3. Հ.Շ. says:

    . Այն տեսութիւնը, թէ Հայաստանի բնակչութիւնը չի պատվաստւում, քանի որ չի վստահում կառավարութեան, անգիտակից ձեւ մըն է խուսափելու, ասենք, աւելի ցաւագին հաստատումներէ, սոյն բնակչութեան վերաբերող:

    Այսինք ինչ, ոեւէ մէկը լրջօրէն կը կարծէ թէ եթէ այլ վարչակարգ լինէր, յանկարծ աւելի շատ մարդիկ կը պատուաստուէի՞ն այդ երկրում…

    Ի դէպ, ընդգծենք որ Ընդդիմութիւնն ալ աւելորդ չափով չէ քաղաքականուցած այս նիւթը, այսինքն՝ ոչ պատուաստի ազդու լինելուն կամ չլինելուն նիւթով, կամ ինչ որ այլ գաղափարական յիմարութիւններով, ինչպէս որ կը տեսնենք օրինակի համար ու յատկապէս ԱՄՆում:

    Լաւ գիտէք որ Հայաստանի մէջ, պատուաստին նիւթին հասնելէ առաջ, շշմեցուցիչ քանակով բնակիչներ կան, որ չեն հաւատար իսկ Քորոնաժահրի գոյութեան:

    Իսկ ոչ մէկ այլ, զարգացած երկրում չկան այդքան շատ, առողջապահական ոլորտում վկայագիրներ ունեցող անձեր, որ այդ աստիճան յիմարութիւններ ասեն, թէ՛ ժահրին թէ՛ պատուատստին մասին:

    Այդ ամէնը, ի՞նչ կապ ունի այս կառավարութեան հետ: Նոյնիկ ներառելով այդ ամենասկիզբի «ո՞ւմ շունն է»ի եւ «պինցետ»ի դրուագը:

    • Հ.Շ. says:

      Ի դէպ, վերջին անգամ որ ստուգեցի, Ադրբեջանի բնակչութեան 44%էն աւելին, պատուաստուած է: Հայաստանը պարագային՝ 7% :

      Ուրեմն եզրակացնենք, որ այդպէս է՝ քանի որ Ադրբեջանի վարչակարգը պատերազմը յաղթեց եւ Արցա՞խը գրաւեց:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930