Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքում յուրաքանչյուր կերպար նովելային է՝ ի պահ ժամանակի

Նոյեմբեր 05,2021 13:30

Հայաստանի գրողների միության դահլիճում երկու օր առաջ ներկայացվեց ՀԳՄ անդամ, բանաստեղծուհի, հրապարակախոս. ՀԳՄ «Ցոլքեր» գրական կենտրոնի եւ նույնանուն հանդեսի հիմնադիր Հռիփսիմէի՝ Հռիփսիմե Հովհաննիսյանի «44 օր» գիրքը: Գիրքը նվիրվում է Արցախյան պատերազմի տարելիցին:

Տպագրության ծախսը հոգացել է «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը: Այն սեպտեմբերյան պատերազմում հերոսացած 72 անմահների մասին ծնողների, հարազատների, մարտական ընկերների, լրագրողների գրառումներն են:

Ինչպես Հռիփսիմէն է գրել. «Ձեռագրերը բազմազան էին, եւ խմբագրման անթաքույց կարիք ունեին, երբեմն վիրավոր ու թերի էին, բայց շատ էին արձակի վարպետությամբ գրված էջերը… Ինձ մնում էր տեղ-տեղ շտկումներ անել, զգացածին տալ մարմին»:

Միջոցառմանը հրավիրված էին մեր հերոսների ծնողները, հարազատները, մարտական ընկերները:


Գրքի նախաձեռնողը, բանաստեղծուհի Հռիփսիմէն առաջաբանում գրում է. «Ափսոս, շատ պատվելի անուններ դեռեւս մնացել են անհայտության մեջ, չեն ստացել գնահատանքի ու մեծարումի խոսքեր, բայց վստահ եմ, որ նրանց մասին դեռ կգրվեն: Մեր հերոսները կենդանի լեգենդներ դարձած՝ դուրս կգան ստվերներից, եւ պատմության մեջ կարձանագրվեն նաեւ նրանց սխրանքները… Անմեղության արյունը չի կորչում, խառնվում է նոր սերունդների երակներին, որ ասքը շարունակելի լինի»:

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը մի այսպիսի միտք արտահայտեց. «Երանի մեր տղաներից ոչ մեկը չմոռացվի, սրանով չբավարարվենք»:

Ըստ հեղինակի՝ «Գրքում յուրաքանչյուր կերպար նովելային է՝ ի պահ ժամանակի: Այն իր զարգացումները դեռ կունենա: Պատերազմը հեռվից առավել տեսանելի խաչ է, իսկ գմբեթի տակ աղոթքների ժամերգությունը չի վերանում»:

Գրքում չկան հորինովի խրամատներ, հորինովի նկարագրություններ, ավելորդ հերոսապատումներ:

Սուրեն Ռոլանդի Ադամյան, Արման Սանասարի Աղվանյան, Վարդան Դավթի Ամալյան, Գեւորգ Արշավիրի Արշակյան, Աշոտ Վարազդատի Բաղդագուլյան, Արտակ Սամվելի Ենոքյան, Մանվել Թամոյի Թամոյան, Ալիկ Մհերի Խուդոյան, Սամադ Մամադի Սլոյան… մեկ րոպե լռությամբ միջոցառման հրավիրյալները հարգեցին մեր հերոսների հիշատակը, ապա հրապարակվեց այն հերոսների անունները, ում իրական պատմությունները տեղ էին գտել այս գրքում:

«Հերոսությունը գնահատական է, բայց մոր համար ոչ մի չափանիշի մեջ չի մտնում: Այս չսպիացող ցավ է, ամոքում չունի, ծխում է տարվա բոլոր օրերին, եւ ստիպում է երկնքին նայել, որտեղ լույս հոգիների բնակավայրն է»,-գրել էր Վարազդատ Արսենի Նազարյանի մայրը:
Վարանդայում զոհված Զորիկ Վախթանգի Շահրամանյանի «Մայրապատումում» մայրը պատմել էր. «Զոհվածները շատ էին, մեծ դժվարությամբ գտանք մեր որդու մարմինը: Խոսքերն ավելորդ են, զգացածը՝ նույնպես: Զորիկս հերոսացավ, բայց մեր սրտում բացվեց ցավի մի մեծ խոռոչ, որն այլեւս չի կարող լցնել: Ծնողի համար դժվար է ընդունել ողբերգության այդ չափաբաժինը»:

«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան ստացած, «Փյունիկ» ֆուտբոլային թիմի խաղացող Դավիթ Բագրատի Ուզունյանի հոր՝ «Հայրապատում»-ում հայրը ներկայացնում է Մռավ լեռան վրա կատարվածը. «60 զինյալների խումբ հարձակվել է նրանց վրա: Մռավի ամենաբարձր դիրքի վրա կատարվել է դիվերսիոն հարձակում պատերազմի հենց առաջին օրը: Մառախուղի պատճառով ուշ են նկատել ստահակներին: Տղաները կրակ են բացել նրանց վրա՝ չթողնելով ավելի մոտենալ դիրքերին: Դավիթն այդ ընթացքում մտել է դիրքեր: Սողեսող անցնելով մոտ 40 մետր՝ հայտնվել է հակառակորդի թիկունքում, նետել է Փ1 նռնակը, որի արդյունքում հակառակորդը զոհեր է ունեցել: Սա եղել է առաջին ու վերջին հարձակումը Մռավ լեռան վրա: Երբ տղաս դուրս է եկել թաքստոցից, որ օգնի ընկերներին, ականը պայթել է»:
Գրքի արժանիքներից մեկն այն է, որ այն կազմող խմբագիրը թույլ է տվել, որպեսզի խոսեն մայրերը, հերոսների կանայք, սիրած աղջիկներն իրենց նամակներով պատմեն իրենց գարուն զգացումների մասին:

Հեռուստատեսության եւ ռադիոյի օպերատոր եւ ռեժիսորի օգնական (հայտնի էր «Տխուր փողոցի լուսաբացը», «Մեր թաղը», «Քրմուհին» ֆիլմերից-Ռ.Մ.) Հարություն Կամոյի Ստեփանյանի կինը՝ Սուսաննա Ադամյանը պատմել էր. «Հարութը կանաչություն էր: Իրենից հետո ես ամեն օր ծերանում եմ: Նա իր հետ տարավ իմ սպասումները, մտքերը, երազանքները, վաղվա օրը, ծրագրերը՝ թողնելով տեղն անսահման դատարկություն, եւ ուսերիս դրեց մեծ պատասխանատվություն՝ զավակներիս ու հարազատներիս հանդեպ: Իսկ ինձ մնաց սերը, այն խարույկը, որի վրա ամեն օր հիշողության ու կարոտի փայտ եմ դնում, եւ այն բոցավառվում է ընդդեմ ցրտերի: Առ այսօր չեմ պատկերացնում, որ զոհվել է ամուսինս… Հերոսացումը նրա արյան մեջ էր: Իմ հպարտությունը վաստակեց այդ կոչումը՝ որպես իրականության պատին գրված անջնջելի ճշմարտություն: Ամեն օր լուսանկարին նայելիս ասում եմ՝ սիրում եմ քեզ, Հարութ, թող օրհնյալ լինի անունը քո: Լույսերի մեջ մնաս»:
72-ի հերոսապատումները ուղեկցվում են նրանց դիմանկարներով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930