Լրահոս
Օրվա լրահոսը

Արտասահմանում կարիերան սկսած բասը առաջին անգամ ներկայացավ հայ հանդիսատեսին

Նոյեմբեր 05,2021 13:00

Հարցազրույց գերմանաբնակ օպերային երգիչ Սերգեյ Ստեփանյանի հետ

– Սերգեյ, նախ շնորհավորում ենք գլխավոր դերերգով այս օպերայում (Վերդի՝ «Աիդա») հանդես գալու առիթով եւ շնորհակալ ենք, որ ներկայացման ավարտից անմիջապես հետո համաձայնեցիք պատասխանել մեր մեկ-երկու հարցին։ Գիտենք, որ Երեւանի օպերային թատրոնում աշխատել եք միմանսի խմբում, իսկ երաժշտասեր հասարակությունը ձեզ կմտաբերի, եթե չենք սխալվում՝ մինչ համավարակը, 2019թ. Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթից։ Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ միմանսի խմբի արտիստները ներգրավված են լինում բեմադրությունների մասսայական տեսարաններում։ Թեեւ ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ ձեր ելույթից հանդիսատեսը տպավորված էր, այդուհանդերձ կուզեինք իմանալ, թե ինչպե՞ս ստացվեց, որ այստեղ որեւէ գլխավոր դերերգ չկատարած արտիստը հրավիրվեց Երեւան ու հանդես եկավ «Աիդա» ներկայացման մեջ, ոչ ավել-ոչ պակաս՝ փարաոնի դերերգով։ Իսկ մինչ հրավիրվելը, ասում են՝ որպես մեներգիչ բեմ եք բարձրանում Գերմանիայի թատրոններից մեկում։

– Գուցե պատասխանս փոքր-ինչ ծավալուն թվա, բայց սկսեմ ոչ թե ծննդյանս օրվանից՝ 1996թ. (ժպտում է), այլ պատանի հասակից։ Այսպես. 13 տարեկանում Սպիվակովի պատանի երաժիշտների հայաստանյան ֆոնդի կրթաթոշակառու էի։ Հենց այդ տարիքում «Հայաստանի պատանի տաղանդներ» ծրագրով առաջին անգամ մեկնեցի Լոնդոն։

«Աիդա»

Վերադարձից անմիջապես հետո մասնակցեցի հայաստանյան մի մրցույթի եւ լավագույն հնգյակում ընդգրկվելով մեկնեցի Արտեկ՝ դարձյալ մրցույթի։ 14-20 տարեկանում, ձայնի փոփոխման շրջանում, որեւէ միջոցառման չեմ մասնակցել, բայց ուսանել եմ Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի վոկալի դասարանում։ Հետո արդեն կոնսերվատորիա՝ ճանաչված բաս Միքայել Հովակիմյանի դասարան։

«Պարահանդես-դիմակահանդես»

Այդ տարիներն էին, որ ինձ բերեցին օպերային թատրոն, միմանսի խումբ, ինչը յուրօրինակ փորձ էր, ինչու չէ՝ նաեւ դերասանի վարպետություն, շփվում էի մեներգիչների հետ, կարճ ասած՝ օպերայի մթնոլորտում էի։ Իսկ արդեն 2016թ. երկու տարի ժամկետով մեկնեցի Իտալիա, վերապատրաստվեցի Օսիմո քաղաքի ակադեմիայում եւ այդ ընթացքում էլ մասնակցելով Բոլոնիայում կայացած մրցույթին, հաղթող ճանաչվեցի։

Դրանից հետո հրավեր ստացա Չինաստանից, մասնակցեցի Պեկինի օպերային թատրոնում կայացած մեծ գալա համերգին։ Այ դրանից հետո արդեն վերադարձա ու դասեր առա ճանաչված օպերային բաս Բարսեղ Թումանյանից։ Ընդհանրապես երաժիշտը, մասնավորապես՝ երգիչը, մասնակցելով մրցույթների կամ գալաների, նկատվում է, որին հաջորդում են հրավերները։ Այդպես էլ պատահեց իմ դեպքում։

«Կախարդական սրինգ»

2019թ. Նովոսիբիրսկի օպերային թատրոնում հանդես եկա Ցումինգայի դերերգով Բիզեի «Կարմենում», ապա փարաոն՝ «Աիդայում», եւ դարձյալ Վերդի, այս անգամ՝ «Պարահանդես-դիմակահանդեսում» կատարեցի Տոմիի դերերգը։ Իսկ հետո Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոն, որտեղ Մոցարտի «Կախարդական սրինգում» Զորաստրոյի, հետո դարձյալ կերտեցի Տոմիի եւ թագավորի կերպարները։

Միխայլովյան թատրոնին հաջորդեց հրավերը Գերմանիայի Քիլլի օպերային թատրոնից՝ որպես մեներգիչ։ Շուրջ երկու ամիս է՝ այնտեղ եմ եւ հասցրել եմ հանդես գալ մեկ դերերգով. Խոհարարուհու՝ Պրոկոֆեւի «Սերը երեք նարինջ» օպերայում…

«Սեր երեք նարինջ»

– Քանի որ այս կոմիկական օպերան երբեք չի բեմադրվել մեզ մոտ, մեր հանդիսատեսին կհետաքրքրի՝ ինչո՞ւ ստեղծագործության հեղինակը Խոհարարուհու դերերգի համար ընտրել է բաս։

– Պրոկոֆեւը հիանալի գիտեր իր ազգի կանանց, որոնք իրենց խարակտերով մոտ են տղամարդկանց եւ հենց դա ընդգծելու համար կոմպոզիտորը ընտրել է ձայներից բասը։

– Իհարկե, կարելի է ենթադրել, բայց, այնուամենայնիվ, ինչպե՞ս հայտնվեցիք Երեւանի օպերային թատրոնում։

– Գիտեք, որ մաեստրո Կարեն Դուրգարյանը ցանկալի հյուր է նաեւ ռուսաստանյան օպերային թատրոններում։ Ես նրա հետ հանդիպել եմ Նովոսիբիրսկի թատոնում։ Ճիշտ է, մաեստրոյի ղեկավարությամբ հանդես չեմ եկել ոչ մի ներկայացման մեջ, բայց, մի խոսքով՝ նա ինձ հասցրել էր լսել։

– Համավարակի պայմաններում ի՞նչ վիճակ է Գերմանիայի թատրոններում։

– Ի ծնե բոլորս գիտենք, որ գերմանացիները կարգուկանոն սիրող ազգ են։ Առանց բացառության բոլոր մշակութային օջախները գործում են, իհարկե՝ նույնիսկ դրսում չեք տեսնի առանց դիմակի մարդ։ Այդուհանդերձ, ինչպես օրենքներում կան բացառություններ, այնպես էլ գերմանացիների շրջանում, որոնք աննշան տոկոս են կազմում։ Նման մարդկանց այնտեղ անվանում են երկրորդ սորտի մարդ, որոնց մուտքը մշակութային օջախներ եւ այլ հանրային վայրեր արգելված է։

– Կներկայացնե՞ք ձեր առաջիկա ծրագրերը։

– Բնականաբար, կվերադառնամ Գերմանիա, որտեղ ձեռնամուխ էի եղել նոր դերերգերի պատրաստմանը, զուգահեռ ծրագրված են նաեւ համերգներ մինչեւ տարեվերջ։ Իսկ Ամանորի գիշերը կդիմավորեմ Վարշավայում՝ տեղի ֆիլհարմոնիկի հետ ընկերակցությամբ համերգով։

– Հաջորդ անգամ ի՞նչ դերերգով կուզեք հանդես գալ մեր թատրոնում։

– Թող զարմանալի չթվա, բայց կուզեմ, օրինակ, Քյոխվա լինել «Անուշում»։ Երբեք չեմ ընդունել «մեծ ու փոքր դեր» բաժանումը։ Ծանոթանալով Երեւանի օպերային թատրոնի խաղացանկին, կուզեի հանդես գալ Զորաստրոյի դերերգով՝ «Կախարդական սպինգում»։ Ինչո՞ւ, քանի որ այն շատ հարմար է ձայնիս։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930