Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեզուների իմացությունը հարստացնում է մարդուն ու նրա երկիրը»

Նոյեմբեր 05,2021 12:30

Հարցազրույց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանի հետ

– Վերջերս մասնակցել եք Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած «ԱՊՀ երկրների լեզվական քաղաքականությունը» 2-րդ միջազգային վեհաժողովին։ Նախ կցանկանայի, որ կիսվեք տպավորություններով։ Առաջին անգա՞մն եք այդ երկրում եւ ի՞նչ կասեք նրանց քաղաքակրթության, մշակութային կյանքի մասին։

– «ԱՊՀ երկրների լեզվական քաղաքականությունը» 2-րդ միջազգային վեհաժողովը Ալմաթիում տեղի ունեցավ նախկին Խորհրդային Միության 11 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչների մասնակցությամբ: Աշխատանքային առաջին օրը տեղի ունեցավ լիագումար նիստը, որտեղ մեր պատվիրակությունից զեկուցումով հանդես եկավ բգդ, պրոֆեսոր, Հայաստանում ռուսիստների ասոցիացիայի նախագահ Լիանա Մաթեւոսյանը: Երկրորդ օրը զեկուցումներով ելույթ ունեցան մեր պատվիրակության 7 անդամները` աշխատանքային 7 տարբեր խմբերում:

Ղազախստանում առաջին անգամ էի: Ալմաթին գրավեց իր անսովոր սրածայր սարերով, ոսկեդեղին աշնանային պեյզաժով, իր հարթ ու մաքուր փողոցներով, սրտաբաց մարդկանցով: Կաստեեւի անվան արվեստի թանգարանում ես տեսա հայկական մեծ հետք` Հ. Այվազովսկի, Մ. Սարյան, Մ. Ավետիսյան, Ս. Մուրադյան: Իսկ Վ. Սուրենյանցի «Լքվածը» կտավը իր մոգական էներգիայով երկար ժամանակ ինձ բաց չէր թողնում:

– Ի՞նչ զեկույցով եք հանդես եկել վեհաժողովին եւ ինչո՞ւ հենց այդ թեման ընտրեցիք։

– Զեկուցմանս համար նախապես ընտրել էի «Ռուսաց լեզվի նշանակությունը Հայաստանի թատերական խաչմերուկներում» վերնագիրը, սակայն, ժամանակային պահանջները չխախտելու համար, ստիպված եղա ընտրել նաեւ ենթավերնագիր` «արեւելահայ թատրոն 19-րդ դար»: Զեկուցմանս առանցքային դեմքերն էին Գ. Սունդուկյանը, Գ. Չմշկյանը, որոնց ծանոթությունը ռուս թատրոնի հետ եւ ռուսաց լեզվի իմացությունը նպաստեցին իսկական հեղաշրջում իրականացնելու հայ թատրոնում: Արեւելահայ թատրոնի զարգացման ճանապարհը, թեմային համապատասխան ուղղվածությամբ, ներկայացրի՝ անդրադառնալով նաեւ մեր մեծ դերասաններ-կորիֆեյների` Պ. Ադամյանի, Սիրանույշի, Հ. Աբելյանի ստեղծագործական կյանքի պատառիկներին: Զեկուցումս ուղեկցվում էր սլայդների պատկերաշարով:

– Ինչպես հասկացա օրակարգից, նաեւ մեր թշնամի երկրի` Ադրբեջանի ներկայացուցիչները պետք է զեկույցով հանդես գային։

– Իմ խմբի աշխատանքներին պետք է մասնակցեին նաեւ չորս ադրբեջանցիներ, որոնք տեխնիկական պատճառներով հրաժարվել էին ներկայանալ: Հավատացեք, ինձ տանջում էր այդ միտքը, որ պատերազմ սանձազերծած, 5000 ջահելների կյանքը խլած ու մի այդքանին էլ խեղաթյուրած երկրի ներկայացուցիչների հետ նույն տարածքում եմ հայտնվելու:

Ասեմ, որ շատ ջերմ ու խաղաղ աշխատանքային մթնոլորտ էր մեր խմբում: Ղազախստանի ներկայացուցիչ, մանկական թատրոնի տնօրեն Մարիա Մակարովան ասաց, որ Հայաստան այցելությունից հետո երգ է հեղինակել, գտել են դուդուկահար եւ տեսահոլովակ են նկարել: Իմ զեկուցումից հետո հարցեր հնչեցին այսօրվա հայ թատրոնի եւ ռուսական առնչությունների մասին: Ամփոփիչ նիստում մեր մոդերատոր Նատալյա Ֆիլիպովան հատուկ առանձնացրեց իմ զեկուցումը իր հետաքրքիր, ճանաչողական բնույթով: Ես ուրախ էի, որ ներկաների համար բացահայտեցի իմ երկրի մշակութային, արժանահիշատակ պատմության մի կարեւոր էջ։

– Ինչպե՞ս եւ ի՞նչ է խոսում աշխարհը մշակույթի մասին…

– Վեհաժողովը նվիրված էր լեզվի մշակույթին եւ թե ինչ նշանակություն է տրվում ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվին` որպես մշակութային, կրթական, գիտական, անձնական եւ պետական կապերի ստեղծման միջոց: Չնայած մեր երիտասարդներն այսօր ավելի կարեւորում են անգլերենը, սակայն մեր երկրում տասնամյակներով ձեւավորված ռուսաց լեզվի իմացության ավանդույթները չպետք է ջուրը նետել: Մենք մեզ չենք կարող զրկել ռուս մեծ գրականությունը բնագրով կարդալու հաճույքից, աշխարհի լավագույն թատրոններից մեկի ներկայացումներն ու մեր ծնողների դիտած ֆիլմերն առանց թարգմանության հասկանալու պարգեւից: Սովորել պետք է նույնիսկ թշնամու լեզուն եւ բավարարվածություն զգալ այն գործի դնելու դեպքում: Լեզուների իմացությունը հարստացնում է մարդուն ու նրա երկիրը:

– Այդ մի քանի օրերին նաեւ տարբեր ներկայացումներ եք դիտել… գոհացրե՞լ են։

– Ալմաթի այցելությանս երեք օրերի ընթացքում հասցրեցի երեք ներկայացում դիտել շնորհիվ իմ ղազախ ընկերուհու` թատերագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Սանիյա Կաբդիեւայի, ում հետ միասին սովորել ենք ԳԻՏԻՍ-ի ասպիրանտուրայում: Շատ հետաքրքիր տպավորություն թողեց Ա.Չեխովի «Ճայը» ՊՀԹ-ում, որի երիտասարդ բեմադրիչ Ե. Նուրսուլթանը ներկայացումը բեմադրել էր ժամանակակից ոճային ուրվագծերով, զուսպ խոհականությամբ եւ անսպասելի արագ ընթացքով: Չեխովի ղազախ հերոսները պաուզաներ պահելու ժամանակ չունեին, մեկը մյուսի հանդեպ սեր տածելով ու չգտնելով, նրանք շարունակում էին պայքարել: Զգացմունքների շրջապտույտն արտահայտվում էր նաեւ էկրաններով ու մի ամբողջ պատ-հայելու արտացոլանքով, բեմի խորքում տեղադրված հեծանվի ետին անվի պտույտներով: Այստեղ բոլորն արժանի էին կարեկցանքի, եւ ճայի մետաֆորիկ կերպարը բոլորին էր վերաբերում: Ծավալվող իրադարձություններն ընթանում էին տեսախցիկով ամեն ինչ ֆիքսող կերպարի ներմուծմամբ:

«Արտիշոկ» թատրոնում դիտեցինք Տեմիրտաու քաղաքի ՊՀԹ-ի ներկայացումը` Ի. Տուրգենեւի «Ձրիակյացը», որի բեմադրիչը մոսկվաբնակ Վ.Դրոզդեցկին էր: Այն գավառական տպավորություն թողեց, սակայն ընկերուհիս պատմեց, որ քրեական բարքերով հայտնի այդ քաղաքում թատրոնի ղեկավարները կարեւոր գործ են կատարում` տարբեր տարիքի իրենց հանդիսատեսին արվեստի ամենազոր հարթակ տեղափոխելով:

Երրորդ ներկայացումը դիտեցինք Ժաս Սախնա թատրոնում, որը տեղակայված էր բազմահարկ առեւտրի կենտրոնի նկուղում: Պետերբուրգցի ռեժիսոր Ի. Ստացիսկին բեմադրել էր ղազախ պոետ Օ. Սուլեյմանովի «Կավե գիրքը» պոեմի մոտիվներով «Շամխատ» ներկայացումը: Սիրային պատմություն`սկյութների խանի մասին, ով սիրահարվում է տաճարի քրմուհուն` Շամխատ անունով եւ հրաժարվում գահից ու հավատքից: Ողբերգական ավարտով այս պատմությունն ընթացավ մեկ շնչով: Երիտասարդ դերասանների պոետիկ խոսքը զուգակցվում էր շարժման հետ, վերածվում էր երգեցողության, իսկ հետո` արտաբերվում ռեփի ռիթմերով: Մեկ ու կես ժամ ներկայացումը մեզ պահեց լարվածության մեջ` ստեղծագործական հաճույք պարգեւելով:

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930