Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանքարդյունաբերությունը բացի բաժնետերերից, որեւէ մեկի համար շահութաբեր չէ, այն թալան է, մեր երկրի, ընդերքի կողոպուտն է»

Նոյեմբեր 05,2021 14:00

Սյունիքի մարզում, մասնավորապես՝ Կապանի տարածաշրջանում իրականացվող հանքարդյունաբերությունը մեծ վնասներ է հասցնում մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին: Բայց այս խնդիրը որեւէ մի պետական կառույցի չի մտահոգում: Այս մասին ասում է իրավաբան-բնապահպան Նազելի Վարդանյանը:

Պոչամբարամերձ ու հանքամերձ բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքներն, ըստ Նազելի Վարդանյանի, ոտնահարված են: Նա գտնում է, որ Սյունիքի մարզում պետք է միջազգային կազմակերպության կողմից նմուշառումներ արվեն՝ պարզելու՝ օդի, ջրի, երեխաների մազերի, հողի մեջ ի՞նչ պարունակություն կա, վնասակար ի՞նչ նյութեր կան, որպեսզի այդ բնակավայրերի բնակիչները կարողանան ավելի առարկայական եւ արդյունավետ պաշտպանեն իրենց իրավունքները:

«Որովհետեւ, եթե մենք չգիտենք՝ ինչ վնասակար նյութեր կան, այսինքն՝ չունենք այդ ապացուցողական բազան, մենք չենք կարող դիմել դատարան՝ մեր իրավունքները պաշտպանելու, թեկուզ՝ պայքար տանել՝ նամակներ գրել, հանրագրեր ներկայացնել, որոշումներ կայացնել եւ այլն: Ի՞նչ բաղադրություն, ի՞նչ խտություն եւ սահմանային թույլատրելի նորմաների ինչպիսի խախտումներ կան, այս բոլոր հարցերը պետք է պարզվեն»,-ասաց տիկին Վարդանյանը: Նրա խոսքով, եթե այսօր պոչամբարը 1 մետրով են բարձրացնում, վաղը՝ 3 մետրով են բարձրացնելու, հիմա 1000 հեկտարի վրա են հանք ու պոչամբար կառուցում, վաղը «ախորժակներն ավելանալու» է եւ դրանց շրջակա գյուղերը հերթով կորցնելու ենք:


Նազելի Վարդանյանը կարծում է, որ պետությունը պետք է հանքարդյունահանողների առջեւ փոխհատուցումների պահանջ դնի, կամ էլ, գոնե, առողջության ապահովագրություն անեն. «Ապահովագրությունը շատ կարեւոր է, մարդը բիզնես է անում, շահույթ է ստանում, բայց այդ տարածքներում ապրողների կյանքն ու առողջությունն ապահովագրված չէ: Եվ, եթե մարդիկ հանքարդյունաբերության հետեւանքով առողջական խնդիրներ են ունենում, գնում են իրենց միջոցներով բավականին մեծ ծախսեր են անում, որպեսզի վերականգնեն առողջությունը: Եթե ընկերությունը գումար է ծախսում, ավելի պատասխանատու է լինում, քան՝ մտածում է՝ ամեն ինչ կարելի է անել եւ որեւէ պատասխանատվություն չեն կրում: Սա անընդհատ գործընթաց է, նույն Թեղուտում տարիներ շարունակ պայքար է գնում, Ախթալայում` նույնպես: Գլաձորում մարդիկ չեն թողնում, որ հանք բացվի եւ արդեն 6 տարի դատարաններում են: Այսինքն՝ հոգնել չկա, անընդհատ պետք է պայքարը գնա, որ մենք տեր կանգնենք մեր երկրին, մեր առողջությանը եւ չկորցնենք այն ինչ ունենք»:

Նազելի Վարդանյանի խոսքով, Անկախության հռչակագրում գրված է՝ ընդերքը, օդը, ջուրը ժողովրդի սեփականությունն է. «Այդ հետո Սահմանադրությունը դարձրեց պետության սեփականությունը: Այսինքն՝ ըստ հռչակագրի մենք ենք տերը»:

Տիկին Վարդանյանը համամիտ չէ այն հիմնավորումներին, թե հանքարդյունաբերությունը շահութաբեր ոլորտ է: Ըստ նրա, մեր երկրի համախառն ներքին արդյունքում՝ ՀՆԱ-ում հանքարդյունաբերությունը փոքր ծավալ է զբաղեցնում. «Պետական վիճակագրական տվյալներով, հանքարդյունաբերությունը Հայաստանում շահութաբեր գործունեություն չէ, այսինքն՝ շահութաբեր է այն մարդկանց համար, որոնք այդտեղ բաժնեմաս ունեն, ժողովրդի համար դա վնասակար է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքում մետաղական հանքարդյունաբերությունը կազմում է 2,8 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 40 տոկոս, տուրիզմը՝ 18 տոկոս: Այսինքն՝ այդ 2,8 տոկոսի համար մենք վերացնում ենք մեր 55 տոկոս համախառն ներքին արդյունքում բաժին ունեցող գյուղատնտեսության եւ տուրիզմի միջավայրը: Որովհետեւ զբոսաշրջիկին չեն բերելու պոչամբար ցույց տան կամ պոչամբարի տարածքում գյուղատնտեսություն չեն զարգացնելու»:

Ըստ նրա, աշխատատեղեր ապահովելու պատճառաբանությունն էլ տեղին չէ, քանի որ աշխատողների միայն 0,9 տոկոսն է զբաղված մետաղական հանքերում. «Այսինքն, նույնիսկ, աշխատողների 1 տոկոսը ներգրավված չէ հանքարդյունաբերությունում:
Հանքարդյունաբերությունը բացի բաժնետերերից, որեւէ մեկի համար շահութաբեր չէ, այն թալան է, մեր երկրի, ընդերքի կողոպուտն է»: Ըստ Նազելի Վարդանյանի, պատճառաբանում են, թե պատերազմից հետո արտարժույթ պետք է գա մեր երկիր. «Մենք գինիներ ունենք, որ միջազգային շուկայում արդեն մեդալներ ունեն ստացած, գյուղմթերք կարող ենք արտահանել, տուրիզմ ներգրավել, որն էլի արտարժույթ է բերում, տեքստիլ ունենք, կարող ենք ջուր արտահանել: Հիմա նավթից թանկ ջուրն է, փոխարենը լցնենք Արաքսն ու ուղարկենք Նախիջեւան, կարող ենք շշալցնել՝ վաճառել: Մեկ լիտր ջուրը Եվրոպայում 6-7 եվրո է: Հանքարդյունաբերությունը միայն արտահանումներում է մեծ ծավալ կազմում, բայց այդ արտահանումներն էլ մեզ ոչինչ չեն տալիս, մեր երկրի հարստությունը դուրս է գալիս եւ մենք դրանից միայն տուժում ենք: Մենք չենք վերահսկում, թե այստեղից ինչ են տանում, շատ թանկարժեք մետաղներ կան, որոնք օգտագործվում են նորագույն տեխնոլոգիաներում եւ այդ ամենը տանում են եւ դրա համար ո՛չ հարկ են վճարում, ո՛չ մաքսատուրք են վճարում, ո՛չ էլ դա հաշվառվում է: Դա հանվում է որպես պղինձ, բայց այստեղ չի ձուլվում, դուրս տանում են որպես հանքաքար եւ այդ հանքաքարի մեջ թե ի՞նչ կա, չենք իմանում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930