Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան Հայաստանին «ռազմավարական դաշնակից» չի համարում

Նոյեմբեր 05,2021 12:00

Ռուսաստանը, ըստ էության, միակողմանիորեն դուրս է եկել Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններից

Այն, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացրել է այն աստիճան, որ մենք հաճախ ռուսաստանցի տարբեր մակարդակի պաշտոնյաներից արդեն հասցրել ենք լսել, որ Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, դա արդեն վաղուց նորություն չէ: Կամաց-կամաց ռուս բարձրաստիճան պաշտոնյաները մեզ ընտելացնում են նոր իրավիճակի:

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը դարձավ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմի դադարեցնող կողմը եւ դրա արդյունքում՝ խաղաղապահ առաքելություն սկսեց իրականացնել, Մոսկվան ամեն առիթներով փորձում է ապացուցել, որ այլեւս կողմնակալ չէ:

Մոսկվան սկսել է հետեւողականորեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերություններում հավասարության նշան դնելը ու այդ մասին հստակ բարձրաձայնում են: Ահա, ամենաթարմ օրինակներից մեկը: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերներն են, ՌԲԿ-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը` անդրադառնալով երկու երկրների հետ համագործակցությանը: «Այդ երկրներից յուրաքանչյուրը, որպես անկախ պետություն, ինքն է որոշում նոր սպառազինությունների կարիքները։ Մենք թե՛ այս, թե՛ մյուս կողմին մեր մատակարարումներով միջազգային որեւէ պարտավորություն չենք խախտում։ Մեր հետաքրքրությունը նշված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումն է, որպեսզի հակամարտությունը, որի ակտիվ փուլը հաջողվել է մարել, նորից չբռնկվի»,- նշել է ՌԴ ներկայացուցիչը։
Ըստ էության, Ռուսաստանը միակողմանիորեն իրեն դուրս է դրել Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններից: Մինչդեռ Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է մի քանի կառույցներում, այսինքն՝ ըստ սահմանման, Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակից պետություններ էին համարվում մինչեւ վերջերս:

ՀՀ ԱԳՆ կայքում զետեղված՝ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններ բաժնից վերհիշենք պատմությունը: Հայաստանի ու ՌԴ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին: «Կնքվել է ավելի քան 200 համաձայնագիր, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը: Համաձայն 2000թ. սեպտեմբերի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի` հաստատվել է երկու երկրների ժողովուրդների միջեւ բարեկամությունը խորացնելու եւ ամրապնդելու վճռականությունը դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման, կովկասյան տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղության, կայունության եւ երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով»:

Պաշտպանական ոլորտում հայ-ռուսաստանյան փոխգործակցությունն ուղղված է երկու պետությունների անվտանգության եւ Հարավային Կովկասում կայունության ապահովմանը, ասվում է նկարագրությունում, ապա նշվում է. «Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը: Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին 1992թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի դրույթների իրականացման շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ սահմանապահների հետ համատեղ իրականացնում է Իրանի եւ Թուրքիայի հետ պետական սահմանի պաշտպանությունը»:

Հայաստանն ու Ռուսաստանը նաեւ մի շարք կազմակերպություններում են դաշնակից պետություններ: Անկախ պետությունների համագործակցությունը՝ ԱՊՀ-ն, ձեւավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր: 1991թ. դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձեւավորում են ԱՊՀ-ն: 1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին: 1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված է ԱՊՀ հետեւյալ նպատակներից օրինակ՝ «համագործակցություն միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաեւ սպառազինությունների եւ ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր եւ լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում, համագործակցության մասնակից պետությունների միջեւ առկա վեճերի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորում»:

Մյուս կազմակերպությունը՝ Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրն է, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Այսինքն, Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր է: ՀԱՊԿ-ում առանձնահատուկ կարեւորություն ունի 4-րդ հոդվածը, համաձայն որի՝ «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Ըստ էության գոյություն ունեցող, բայց չգործող դրույթ է, որի անգործության մասին Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանային բազմաթիվ սրացումների, ինչպես նաեւ ռազմական գործողությունների առիթով արդեն համոզվել է: Եվ հետեւաբար, եթե չեն գործուն այս կամ այն կառույցի դրույթները, ուրեմն՝ այդ կառույցը գործող կառույց չէ: Իհարկե, տարիներ շարունակ ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի կառույցների որակի մասին տարբեր գնահատականներ հնչել են, եւ մշտապես ասվել է, որ Հայաստանն այս կառույցում է, քանի որ գոյություն ունեն հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ:

Եթե այսօր Մոսկվան համարում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցությունը նույն մակարդակի վրա է՝ Հայաստանն ի՞նչ գործ ունի այս ոչ արդյունավետ, չգործող կազմակերպություններում:

Նկատենք, որ ՀԱՊԿ խորհրդատվական եւ գործադիր մարմիններին կից գործում են աշխատանքային խմբեր, որոնցից մեկն էլ՝ «Ռազմական կոմիտեն» է: ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ձեւավորվել են ՀԱԽ 2009թ. փետրվարի 4-ի որոշմամբ եւ նախատեսված են ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությանն ուղղված սպառնալիքներին եւ վտանգներին օպերատիվ արձագանքման համար: Իսկ 2007թ. հոկտեմբերի 6-ին ստորագրվել է ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը։

Հաջորդ՝ ավելի երիտասարդ կառույցը Եվրասիական տնտեսական միությունն է: 2014թ. հոկտեմբերի 10-ին ԵԱՏՄ խորհրդի նիստում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա: Մաքսային միությունը սկսել է գործել 2010թ. հունվարից, իսկ 2011թ. դեկտեմբերին որոշում է կայացվել Միասնական տնտեսական տարածքը ձեւավորող միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու մասին, ինչն էլ նախանշել է 2012թ. հունվարի 1-ից ՄՏՏ ձեւավորող համաձայնագրերի կիրառումը՝ մինչեւ 2015թ. Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերջնական նպատակով:

2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետեւ՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու ՀՀ որոշման մասին: 2014թ. մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահները ստորագրեցին ԵԱՏՄ մասին պայմանագիրը, որն էլ ուժի մեջ մտավ 2015թ. հունվարի 1-ից:
Ռուսաստանի հետ նույն կազմակերպություններում դաշնակից անդամ հանդիսացող Հայաստանին, ՀԱՊԿ-ի դեպքում՝ հիմնադիր անդամ Հայաստանին, այսօր ռուսաստանցի տարբեր պաշտոնյաներ ի լուր աշխարհի ասում են, որ Ադրբեջանի ու Հայաստանի հետ Մոսկվան ունի նույն մակարդակի հարաբերություններ:

Սա մի իրավիճակ է, երբ Հայաստանը պետք է վերանայի իր արտաքին քաղաքական ուղղությունները ոչ միայն այլ գործընկեր պետությունների հետ, իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերությունները դնելով նոր մակարդակի վրա, ելնելով՝ «հավասարը հավասարի հետ» սկզբունքից:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 04.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930