Գյումրեցի 63,5 կգ քաշային բռնցքամարտիկ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովին Սերբիայի մայրաքաղաքում շարունակվող մարզաձեւի տղամարդկանց աշխարհի առաջնությունում դժվար մրցակից էր բաժին ընկել՝ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, կուբացի Էնդի Կրուս Գոմեսը: Սակայն մենամարտի ընթացքը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ բռնցքամարտիկի համար հեղինակություններ գոյություն չունեն:
Բաչկովը ակտիվ էր բոլոր երեք ռաունդներում, սակայն դա բավարար չեղավ հաղթահարելու կուբացու արգելքը: Մեր մարզիկը թեեւ զիջեց, սակայն անցկացրեց հավասար մենամարտ: Ու դժվար է ասելը, թե մարտն ինչպես կավարտվեր, եթե չլինեին մրցակցի տիտղոսները, իսկ մեր բռնցքամարտիկը մի փոքր ավելի դիպուկ լիներ:
Հովհաննես Բաչկովը տուն կվերադառնա աշխարհի առաջնության բրոնզե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ