Հովհաննես Հարությունյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից։ Նա քիչ առաջ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ շնորհակալություն հայտնելով մարզի բնակիչներին, մարզպետարանի աշխատակիցներին, համայնքապետերին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, լրագրողներին՝ օբյեկտիվ լուսաբանման համար։
Նա հատուկ շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն նման բարձր ու պատվաբեր պաշտոն վստահելու համար։
«Թե ինչքանով եմ հաջողել, կարող եք և՛ դուք գնահատել, և՛ մարզի բնակիչները, բայց մի բան հստակ է, որ ես եղել եմ հավատարիմ այն բոլոր ճիշտ մոտեցումներին, ինչը բնորոշ է շիրակցուն։ Իմ որոշումների հիմքում եղել են միայն՝ ի նպաստ Շիրակի որոշումներ, և ես ուրախ եմ և հպարտ եմ, որ իմ կյանքի ընթացքում ունեցել եմ հնարավորություն նման պատվաբեր պաշտոն զբաղեցնելու համար»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։
Կարդացեք նաև
Հեռացող մարզպետը հատուկ շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին։
«Ես շատ գոհ եմ ձեր օբյեկտիվ և անաչառ լուսաբանման համար, ես կարծում եմ, որ շատ և շատ լրատվամիջոցներ օրինակ ունեն վերցնելու Շիրակի մարզի լրատվական դաշտի ներկայացուցիչներից՝ օբյեկտիվ աշխատանքի առումով»։
Թե ինչու հրաժարական տվեց՝ մի՞թե Գյումրու ՏԻՄ ընտրություններում առաջին տեղ չզբաղեցնելն ու Գյումրու քաղաքապետը չընտրվելը պատճառ են մարզպետի պաշտոնից հրաժարվելու, Հովհաննես Հարությունյանն ասաց․
«Մի շատ կարևոր հանգամանք ասեմ, այն պահից, երբ որ որոշվեց՝ ես պիտի գլխավորեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը, այդ պահից պարզ է, որ անկախ նրանից՝ ընտրություններն ի՞նչ ելք կունենան, ես այլևս չեմ զբաղեցնելու Շիրակի մարզպետի պաշտոնը։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, այդ որոշման տրամաբանական շարունակությունն է։ Դա որպես պատճառ»։
Մեր հարցին՝ որտե՞ղ է շարունակելու պաշտոնավարել, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունո՞ւմ, հեռացող մարզպետն ասաց՝ դեռ քննարկումներ են ընթանում։
Հովհաննես Հարությունյանն ասաց, որ չի փոշմանել մարզպետի պաշտոնը լքելու հաշվին՝ ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորելու համար։
«Չեմ փոշմանել, մենք մի շատ հետաքրքիր գործընթացի մեջ էինք, երբ քարոզարշավի ընթացքում ամենօրյա ռեժիմով շփվում էինք բնակիչների հետ և այն արձագանքը, և այն խնդիրների բարձրաձայնումը, ինչը լսեցինք մեր քաղաքացիների հետ շփման արդյունքում, դեռևս պետք է աշխատենք և այդ խնդիրները լուծենք։
Անկախ նրանցից՝ ես ինչ պաշտոն կզբաղեցնեմ, ես միշտ լինելու եմ Շիրակի մարզի կողքին, անկախ նրանից՝ որտեղ կլինեմ՝ միշտ այնպիսի որոշումներ կկայացնեմ, որ Շիրակի մարզը շահի», -ասաց Հովհաննես Հարությունյանը։
Նա ասաց, որ մինչև հիմա վերլուծում են, թե ինչու ՔՊ-ն չդարձավ առաջատար ուժ Գյումրու ՏԻՄ ընտրություններում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ