Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն անգամ մեծագույն հուզմունք եմ ապրում՝ լինելով Հայաստանի սրբազան հողում». ամփոփվեց «Արմենիա» փառատոնը

Նոյեմբեր 04,2021 18:10

Աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ելույթով ամփոփվեց «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը մեկ ամիս շարունակ դասական երաժշտության սիրահարներին մատուցեց բարձրակարգ համերգներ՝ միջազգային համբավ վայելող երաժիշտների մասնակցությամբ։

Ամփոփիչ համերգային երեկոյի ընթացքում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին՝ Պյոտր Չայկովսկի՝ Պոլոնեզ «Եվգենի Օնեգին» օպերայից, Ալեքսեյ Շոր՝ Դաշնամուրի կոնցերտ «Իմ գրապահարանից», Արամ Խաչատրյան՝ երեք հատված «Սպարտակ» բալետից։

Միխայիլ Պլետնյովը մեր ժամանակների ամենաինքնատիպ երաժիշտներից է, որի մեջ ներդաշնակվում են դաշնակահարի, դիրիժորի և կոմպոզիտորի տաղանդները։ Նա Ռուսաստանի ազգային նվագախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։ Պլետնյովը նշում է, որ ամեն անգամ մեծագույն հուզմունք է ապրում՝ լինելով Հայաստանի սրբազան հողում։ Անդրադառնալով դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը՝ Միխայիլ Պլետնյովը նշեց. «Սերգեյ Սմբատյանը շատ ակտիվ ներգրավված է Հայաստանի երաժշտական կյանքում, և ոչ միայն։ Նրա ղեկավարած նվագախումբը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ակտիվ գործունեություն է ծավալում։ Ես մեծ հաճույք եմ ստացել՝ կրկին աշխատելով Սերգեյ Սմբատյանի հետ։ Եվ իհարկե պետք է խոնարհվել այն մարդկանց առաջ, որոնք այս պայմաններում ժամանակ, ցանկություն ու միջոցներ են գտնում՝ անցկացնելու այնպիսի հրաշալի փառատոն, ինչպիսին է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը»։

Փառատոնը մեկ ամսվա ընթացքում երաժշտասերներին է մատուցել 12 սիմֆոնիկ և 5 կամերային համերգներ, որոնց ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես են եկել 17 մենակատարներ, համերգներն էլ ղեկավարել են 11 անվանի դիրիժորներ տարբեր երկրներից։ Երաժշտասերները Հայաստանում ունկնդրելու հնարավորություն ունեցան ջութակահարներ Գիլ Շահամին, Մարկ Բուշկովին, Գրաֆ Մուրժային, դաշնակահարներ Պավել Գիլիլովին, Վլադիմիր Օվչիննիկովին, Յոլ Ում Սանին, թավջութակահար Սթիվեն Իսերլիսին, ֆլեյտահար Մաքսիմ Ռուբցովին, բանդոնեոնահար Յուրի Մեդյանիկին և այլոց։ Փառատոնի շրջանակում հանդես եկան նաև դիրիժորներ Ֆելիքս Կորոբովը, Ջանլուկա Մարչիանոն, Դմիտրի Յաբլոնսկին, Անտոն Շաբուրովը, Միխայիլ Կիրխհոֆը, Իլյա Նորշտեյնը, Լավարդ Սկոու-Լարսենը և այլք։

Նշենք, որ փառատոնն ուներ նաև կրթական բաղադրիչ։ Հոկտեմբերի 1-30-ը փառատոնի շրջանակում Երևանում կայացավ «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիան։ Այն կազմակերպվել էր «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ։ Մեկ ամսվա ընթացքում 20 աշխարհահռչակ երաժիշտներ և պրոֆեսորներ վարպետության դասեր անցկացրին հիմնադրամի կրթաթոշակառուների և ազատ ունկնդիրների համար։ Ակադեմիայի շրջանակներում կազմակերպված վարպետության դասերի յուրօրինակ ամփոփում-հաշվետվություն էր «Շնորհալի Հայաստան» համերգաշարը: Երեք համերգների ընթացքում պատանի երաժիշտներն ունկնդրի դատին ներկայացրին իրենց մասնագիտական հմտություններն ու ակադեմիայի շրջանակներում ստացած գիտելիքները: Վարպետության դասերին մասնակցելու կապակցությամբ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը պատանի երաժիշտներին հանձնեց վկայականներ:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնի կազմակերպմանն աջակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930