Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուհը ճանաչվել և գնահատվել է ոչ միայն Հայաստանում, այլև կոշտ մրցակցության պայմաններում՝ նաև արտերկրում, աշխարհի շուրջ 33 երկրում». ԵՊԲՀ-ում անցկացվեց հոգաբարձուների խորհրդի նիստ

Նոյեմբեր 04,2021 17:57

ԵՊԲՀ-ում նոյեմբերի 4-ին անցկացվեց հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը:

Բաց քվեարկության արդյունքում Հոգաբարձուների խորհրդի քարտուղար վերընտրվեց ընտրվեց դասախոս, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը խորհրդի անդամները կրկին վստահեցին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանին, որը որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ պաշտոնավարում էր 2020 թվականի օգոստոսի 13-ից:

Միքայել Ադամյանը շնորհակալություն հայտնելով խորհրդի նախկին անդամներին՝ ընդգծեց, որ պատիվ ունի կրկին ստանձնելու այս պատասխանատու պաշտոնը՝ նպաստելով բուհի բարձր անվան պահպանմանը և ժողովրդին պիտանի լինելուն:

Նախորդ մեկ ու կես տարին՝ կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով ծանր ընթացք ուներ, սակայն համատեղ ջանքերով  բժշկական բուհն իր համալսարանական հիվանդանոցներով, «քովիդ» բաժանմունքներով ու բոլոր ստորաբաժանումներով կարողացավ հաղթահարել մարտահրավերները՝ ապահովելով նաև զարգացում և առաջընթաց:

«Պատերազմի ընթացքում բժշկական համալսարանի գործընկերների հետ պատիվ ունեցա լինել Արցախում և այն ընկերությունը, որը ձեռք է բերվում նման ակտիվ իրավիճակում, վստահ եմ՝ որևէ այլ համագործակցության հետ համեմատելի չէ: Բոլորս ապացուցեցինք, որ միասին ենք և պետք է աշխատենք մեր բուհը զարգացնելու և առողջապահության ապագայի համար»,- ընդգծեց Միքայել Ադամյանը՝ հավելելով, որ պետք է կրթել սերունդներ, որոնք միշտ պիտանի կլինեն հայրենիքին:

Խոսելով ԵՊԲՀ-ում օտարերկրացի ուսանողների ուսումնառության մասին՝ հոգաբարձուների խորհրդի վերընտրված նախագահը նշեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ ամեն ինչ արվեց՝ արտերկրից ժամանած սովորողների ուսման և կեցության բոլոր հարցերի լուծման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հատուկ չվերթներ կազմակերպելու ուղղությամբ:

Առկա դժվարությունները խոչընդոտ չհանդիսացան նոր բաժանմունքների և բժշկական ծառայությունների ձևավորման համար: Նրա գնահատմամբ՝ բուհը  ծառացած խնդիրները հաղթահարեց պատվով, աշխատանքները կազմակերպվեցին անխոչընդոտ:

Միքայել Ադամյանը վստահություն հայտնեց, որ ուժերի համախմբումն առաջիկայում ևս նոր վերելքների ապահովման հնարավորություն կտա:

Հոգաբարձուների խորհրդի նիստի ավարտից հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունելով նիստի անդամներին դիմելու առաջարկը՝ նշեց, որ վերջին տարիներին, չնայած ծագած դժվարություններին, ԵՊԲՀ-ին հաջողվել է շուրջ 25 տոկոսով ավելացնել օտարերկրացի սովորողների թիվն ու այն երկրների աշխարհագրությունը, որտեղից ժամանում են ապագա բժիշկները:

«Դա վկայում է, որ բուհը ճանաչվել և գնահատվել է ոչ միայն Հայաստանում, այլև կոշտ մրցակցության պայմաններում՝ նաև արտերկրում, աշխարհի շուրջ 33 երկրում»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ բուհը բացել է 690 աշխատատեղ իր կողմից հիմնադրված հաստատություններում:

Երկրի առջև ծառացած ամենադժվար իրավիճակներում բուհը կարողացել է ինքնակազմակերպվել, ձևավորել ամուր թիկունք, պայքար մղել Covid-19-ի դեմ, միևնույն ժամանակ ծավալելով բժշկական գործունեություն և իրականացնելով լուսավորչական աշխատանք:

Համավարակը շարունակում է բուհի համար լինել օրհասական խնդիր, որի դեմ սպիտակ բանակի պայքարը շարունակվում է:

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ զուգահեռ իրականացվել են ուսումնական տասնյակ ծրագրեր, բարերարների աջակցությամբ արդիականացվել են լսարաններ՝ անվանակոչվելով անվանի բժիշկ-գիտնականների անուններով, ձևավորվել են նոր ամբիոններ՝ պահպանելով բուհի առաջատար և կարևոր տեղը:

Իրականացվող աշխատանքներից անմասն չի մնացել նաև գիտությունը, որի զարգացմանն ուղղված աշխատանքները դարձել են հաշվառելի:

Ամփոփելով՝ նա խոսեց նաև ԵՊԲՀ-ի և Հոգաբարձուների խորհրդի անդամ  Հայկուհի Մինասյանի հետ կարևորագույն համագործակցության շնորհիվ զինվորական հաշմանդամություն ունեցող 5000 անձի  վերականգնողական ժամանակակից բուժում և սոցիալական ինտեգրման ծրագրեր իրականացնելու մասին:

« 5000 թիվը պարտավորեցնում է ճանաչել մի համալսարան, որն իր առօրյա աշխատանքներից զատ, միջազգային ճանաչումից բացի, ձեռնամուխ եղավ, թե՛ լուսավորչական և թե՛ բուժական աշխատանքի»,-ավելացրեց բժշկական բուհի ռեկտորը:

Բուհի ղեկավարն առանձնակի շնորհակալություն հայտնեց նախորդ հինգ տարիներին աշխատանք ծավալած Հոգաբարձուների խորհրդի բոլոր 4 կազմերին, որոնց հետ առավելագույնն անելու ձգտմամբ կյանքի կոչվեցին կարևոր ծրագրեր ու նախաձեռնություններ:

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930