Հետպատերազմյան Հայաստանի սոցիալ–տնտեսական իրավիճակի հատկանշական որոշ գնահատումներ
1.Աշխարհաքաղաքական և անվտանգային խորացող մարտահրավերներն ու անորոշությունները, դրանց դիմակայելու՝ օրվա իշխանությունների ակնհայտ անկարողությունը դարձել են նաև մեր երկրի տնտեսական անվտանգության և կայուն զարգացման էական ռիսկեր ու դրանց կոնկրետ դրսևորումներ՝
պետական պարտքի առաջանցիկ աճ,
տնտեսության վերականգնման անբավարար մակարդակ,
Կարդացեք նաև
սոցիալական խորացող խնդիրներ՝ բարձր գնաճի և բնակչության իրական եկամուտների նվազման ֆոնին,
ներդրումների ներգրավման իրական ցածր մակարդակ և այլն։
2․Վերջին ընտրություններից հետո Հայաստանի գործող իշխանությունը իր հնգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը՝ որպես մեր երկրի փոխշահավետ գոյակցության հիմք՝ ակնկալելով նաև Թուրքիայի ու Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը։
3․Այո՛, տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի կամ երկուսի պարտադրանքով։
4.Փաստ է նաև, որ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը և Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունը հարևան երկու երկրները նաև տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։
5․Իսկ հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, թուրք–ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում՝ որպես իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլ։
6․Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը՝
հակադրվում է Հայաստանի և Արցախի ընթացիկ տնտեսական շահերին,
ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար,
անխուսափելիորեն հանգեցնելու է ինքնիշխանության և պետականության անդառնալի կորուստների՝ հայկական երկու պետությունների տնտեսական համակարգի թուրքացմանը համաքայլ,
մյուս կողմից, այս նպատակադրումը թուրք–ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է, ավելին՝ դարձել է առաջնային, օր առաջ և ամեն գնով, ներառյալ՝ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով իրագործման ենթակա,
անխոս՝ ունի ոչ միայն կառուցողական վերաբերմունք մեր հարևան երկու պետություններում, այլև իրագործվում է անշեղորեն՝ հենց իրենց կողմից պարտադրվող սցենարով։
7․Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է։
8․Հայաստանի տնտեսական համակարգը կորցնելու է տարածաշրջանում իր գրավչությունը՝ համեմատական առավելություններն ու աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ հյուսիս-հարավ հաղորդակցությունն ապահովելու առումով։ Այսօրվա երկկողմանի շրջափակումը դառնալու է եռակողմ՝ ապաշրջափակման կեղծ քողի տակ։
9․Առկա են իրատեսական և անկառավարելի ռիսկեր՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք–ադրբեջանական կապիտալով ամբողջապես կլանելու առումով։ Թուրք-ադրբեջանական տանդեմը իր նավթադոլարներով «փողախեղտ» կանի Հայաստանի տնտեսությունը՝ այն դնելով իրենից անդառնալի կախվածության մեջ։ Օրինակ՝ մեկ տարում արտահանվող ադրբեջանական նավթի միջին հասույթի 1/3-ով (շուրջ 6 միլիարդ ԱՄՆ դոլար) կամ զուտ արտահանման հասույթով կարող են տիրանալ Հայաստանի տնտեսության իրական հատվածում նախորդ 30 տարիներին կատարված օտարերկրյա ողջ ներդրումների մաքուր պաշարին։
10․Առաջնային և կործանարար հարված է լինելու մեր երկրի գյուղատնտեսության, հատկապես՝ ջերմոցային տնտեսության, տեքստիլ և մշակող արդյունաբերության ճյուղերի համար։
Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ կուսակցության անդամ