Ապաշրջափակումը շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանին կբերի 30 տոկոս տնտեսական աճ. այս մասին այսօր խորհրդարանում, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով իշխող ուժի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին:
Հետազոտությունն արվել է Համաշխարհային բանկի կողմից, այն մի փոքր հին է, բայց նախարարն ասաց, որ Էկոնոմիկայի ինստիտուտն այժմ նախարարության հանձնարարականով ուսումնասիրում է, թե ի՞նչ կտա ապաշրջափակումը մեզ եւ մյուսներին, որպեսզի բանակցային գործընթացը հնարավոր լինի ճիշտ կազմակերպել:
Ապաշրջափակման թեմային անդրադարձավ նաեւ իշխող ուժի մեկ այլ պատգամավոր՝ Շիրակ Թորոսյանը, ավելի հուզական տոներով. «Լարսը փակ է, ցուցափեղկերը՝ դատարկ: Առաջին ձյունն է տեղացել եւ մեր ներկրող մեքենաներն այնտեղ կանգնած են»… Ե՞րբ է լինելու ապաշրջափակումը»: Պատգամավորը հարցն ուղղել էր դրա քաղաքական պատասխանատու գերատեսչության ներկայացուցչին՝ ԱԳ փոխնախարար Արմեն Ղեւոնդյանին: Շիրակ Թորոսյանն անհեթեթություն է համարում տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մասին խոսելն՝ առանց կոմունիկացիաների եւ լոգիստիկ խնդիրների լուծման. «Մենք չունենք ցամաքային անմիջական սահման ԵԱՏՄ տարածաշրջանի հետ, հաղորդակցությունը միջնորդավորված է Վրաստանի տարածքով, կախված ենք բացառապես Լարսի անցակետից, ինչը ձմռան ամիսներին խնդիրներ է հարուցում: Կարծում եմ մեր պետությունը, կառավարությունը, արտգործնախարարությունը ջանքեր պետք է ներդնեն այլընտրանքային կոմունիկացիոն հնարավորություններ ստեղծելու համար»:
Կարդացեք նաև
Փոխնախարարը սկզբունքորեն համաձայն է պատգամավորի հետ: Միայն հիշեցրեց, որ հարցը ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում է, կառավարությունն այդ ուղղությամբ աշխատում է:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ներկայացրեց 2022-ին ԵԱՏՄ շրջանակում եւ միության տարբեր ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը. դրանք կիրականացվեն երեք ծրագրով՝ վեց միջոցառմամբ։ Այդ նպատակով կհատկացվի 15 մլրդ 720 մլն դրամ, որից 15 մլրդ 594 մլն դրամը՝ վարկային միջոցներ, 126 մլն դրամը՝ դրամաշնորհային։ 2021-ի համեմատ աճը կազմել է 35 տոկոս:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ