Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմակալ առաջնորդները և միաբանության անդամները, Մայր Աթոռի կառույցներում սպասավորող քահանաներն ու պաշտոնեությունն այցելեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ շնորհավորելու օծման և գահակալության 22-րդ տարեդարձի առթիվ:
Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորելով Հայոց Հայրապետին՝ եկեղեցականներն ու աշխարհականները մաղթեցին կենաց արևշատություն ու անսասան հովվապետություն` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն Հայրենիքի։ Եկեղեցականներն ու աշխարհականներն ուրախությամբ անդրադարձան Նորին Սրբության գահակալության 22 տարիների ընթացքում տարբեր ոլորտներում արձանագրված մեծաթիվ ձեռքբերումներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, երախտագիտություն հայտնելով շնորհավորանքների ու բարի մաղթանքների համար, իր հայրական օրհնությունը բաշխեց ամենքին: Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց իրեն լծակից հոգևոր դասին`այս տարիների ընթացքում ազգին և Եկեղեցուն մատուցվող անսակարկ ծառայության, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատերազմում դրսևորած քաջարի ոգու համար՝ հորդորելով անմնացորդ նվիրումով, սիրով, ամուր կամքով ու զորավոր հավատքով շարունակել իրենց սրբազան առաքելությունը հանուն Հայրենիքի բարգավաճման և հայ ժողովրդի առաջընթացի։
Նորին Սրբությունը գոհունակությամբ փաստեց նաև Մայր Աթոռի պաշտոնեության նվիրյալ ու հավատարիմ ծառայությունն ի նպաստ Հայ Եկեղեցու պայծառացման և ազգային-հոգևոր կյանքի շենացման։
Կարդացեք նաև
Ավարտին Նորին Սրբությունը մաղթեց ամենքին Աստծո առաջնորդությունն ու օգնականությունն իրենց օրհնյալ ծառայության մեջ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին