Aravot.am-ը զրուցել է քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանի հետ:
-Խնդրում եմ ներկայացրեք, թե ինչով է առանձնահատուկ նոյեմբերի 5-ի համերգը:
-Նոյեմբերի 5-ին ժամը 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 95-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկո՝ «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի մասնակցությամբ, որ գեղարվեստական ղեկավարն է Սեդրակ Երկանյանը: Սիրով հրավիրում եմ բոլորին, այդ հրաշալի կոմպոզիտորի ստեղծագործությունները վայելելու համար: Կարծում եմ պետք չեն խոսքեր՝ համերգի առանձնահատկությունը նշելու առումով, ամեն ինչ ասվում է Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործություններում, որոնք մարդկանց կարող են կտրել իրականությունից, տեղափոխվել սիրո ու բարության աշխարհ: Մի խոսքով՝ յուրահատուկ ու տարբերվող համերգ է լինելու: Ինչպես արդեն նշեցի, հնչելու են ամենասիրառատ ստեղծագործությունները:
Կարդացեք նաև
-Կա՞ ստեղծագործություն, որը ձեզ համար այցեքարտային է:
-Մի փոքր դժվարանում եմ առանձնացնել նման ստեղծագործություններ, որովհետև բոլորն էլ շատ սիրված են ժողովրդի կողմից: Ծրագիրը հագեցած է: Խաչատուր Ավետիսյանը հանդիսանում է քանոն նվագարանի դասական դպրոցի հիմնադիրը, և թողել է հսկայական ժառանգություն՝ քանոն գործիքի համար, որ մինչ օրս բոլոր սերունդների քանոնահարները մեծ հաճույքով են ներկայացնում հեղինակավոր հարթակներից՝ գրանցելով լուրջ հաջողություններ և գերելով տարբեր երկրների ժյուրիի անդամների: Համերգային երեկոն բացելու ենք «Արցախ» ստեղծագործությամբ` քանոնի մենանվագով, իմ այս կատարումը կնվիրեմ մեր լույս դարձած տղաներին…
Կուզեմ առանձնացնել մի ստեղծագործություն ևս, որը շատ թանկ է ինձ համար: Խոսքը կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի «Աղջիկների պար»-ի մասին է, որի պրեմիերան ինձ էր վստահված: Այն գրված է հատուկ քանոնի, դաշնամուրի ու նվագախմբի համար և նվիրված ՝ Խաչատուր Ավետիսյանին : Այս ստեղծագործությունն իմ կարծիքով շատ տարբերվող է, ոճային ,ժամանակակից շնչով: Մեր համերգներին միշտ Սեդրակ Երկանյանը դիրիժորական վահանակի մոտ է , բայց այս ստեղծագործության ժամանակ մաեստրոն որպես դաշնակահար է, որն էլ մի այլ շունչ է տալիս խմբին:
– Նոյեմբերի 5-ին նաեւ ձեր ծննդյան օրն է: Ինչ զգացողություն եք ունենում ծննդյան օրը համերգ ունենալիս:
– Արդեն երկրորդ անգամ մաեստրոյի որոշմամբ և հուրախություն ինձ՝ Ավետիսյանի հոբելյանական երեկոյի հետ համընկնում է իմ ծննդյան օրը, որի համար, իհարկե, շատ շնորհակալ եմ Սեդրակ Երկանյանին: Ինձ համար այս համերգը շատ պատասխանատու և պարտավորեցնող է: Յուրաքանչյուր արտիստի համար հաճելի է իր տոնը հանդիսատեսի հետ «կիսելը»:
– Ձեզ հաջողակ մարդ համարո՞ւմ եք
– Ես հաջողության հասնում եմ իմ մեծ աշխատասիրության և ինձ տրված շնորհի շնորհիվ՝ երբեք դեմ չգնալով իմ սկզբունքներին: Հենց այնպես ինձ չի տրվել ոչինչ, դրա համար էլ շատ արժևորում եմ յուրաքանչյուր պահս, հաջողությունս: Հույսս երբեք չեմ դնում ոչ մեկի վրա, ինքս եմ հարթում իմ ուղին՝ իմ ուժերով: Յուրաքանչյուր ոք ինքը պետք է որոշի՝ ինչ է հարկավոր իրեն, ունենա նպատակ և այն իրականացնելու հնարավորություններ մտածի: Եվ ամենակարևորը երբեք չհանձնվի…
Զրուցեց՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները` Տիգրան Առաքելյանի