Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ակտիվ եւ թիրախավորված աշխատանքներ է տանում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցով. այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ, ասաց ԱԳ փոխնախարար Վահե Գեւորգյանը:
«Իհարկե, կորոնավիրուսը չի նպաստում այդ մեկնարկի պայմանավորվածությունների վերջնականացմանը: Կարծում եմ, մենք նույնպես որոշակի «տնային աշխատանք» ունենք այս հարցում՝ առավելագույնս շուտ ժամկետներով մեկնարկը ապահովելու համար»,- ասաց փոխնախարարը: Ավելի ուշ պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան նա հստակեցրեց, որ «տնային աշխատանքը» վերաբերվում է կենսաչափական անձնագրերին:
Հիշեցնենք, օրերս կառավարությունը ՀՀ քաղաքացու անձնագրերին վերաբերվող նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ԵՄ-ՀՀ քաղաքական համագործակցությանը, Վահե Գեւորգյանը կարեւորեց ԵՄ-ի՝ ընթացիկ տարվա ընթացքում կատարած հստակ քայլերը, տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ քաղաքական համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: «ԵՄ-ի մոտ խիստ ընդգծվում է ներկայումս տարածաշրջանային մոտեցումն ընդհանուր Հարավային Կովկասի հանդեպ: Այս տեսակետից ԵՄ-ն հստակ քայլեր ձեռնարկեց՝ ընթացիկ տարվա ընթացքում ակտիվացնելու քաղաքական երկխոսությունը տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ»,- ասաց նա՝ ընդգծելով մի քանի կարեւոր այցեր: Դրանք են՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը:
Անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք 2.6 մլրդ եվրո աջակցությանը, փոխնախարարն ասաց. «Այս պահի դրությամբ այդ աջակցության առաջարկը կարելի է դիտարկել նախեւառաջ որպես ԵՄ մտադրությունների արտահայտություն կամ խոստում: ԵՄ մեր գործընկերների մոտ նաեւ անդրադարձներ կան, որ այս աջակցությունը նաեւ ունի տարածաշրջանային նշանակություն»:
Իբրեւ ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության կարեւոր իրադարձություն, ՀՀ ԱԳ փոխնախարարը նշեց հունիսի 24-26-ը Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի նախաձեռնությամբ եւ լիազորությամբ տարածաշրջանային այցերը, որոնք կատարել են Լիտվայի, Ավստրիայի եւ Ռումինիայի ԱԳ նախարարները. «Այցի հիմնական նպատակներից էր վերահաստատել տարածաշրջանում ԵՄ ներգրավվածության և Հարավային Կովկասի տարածաշրջանում դիմակայունության, վստահության կառուցման միջոցառումների ամրապնդմանը նպաստելու պատրաստակամությունը»:
2021-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչը փոխնախարարը կարեւոր է համարում երկկողմ հարաբերությունների խորացման համար:
Փոխնախարարը կարեւորեց նաեւ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին 2021-ի հունվարին եւ 2021-ի մայիսի 19-ին Թուրքիայի մասին բանաձեւի ընդունումը, որում կարեւորվեց հայոց ցեղասպանության ճանաչումը եւ հայկական մշակույթի հարգումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ