Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն ամբարտավան պաշտոնյաների բաղադրիչով հասել է նախկինների մակարդակին»․ Սոնա Այվազյան

Նոյեմբեր 04,2021 15:33

Ապագայում ՀՀ-ի վերաբերյալ ժողովրդավարության գնահատման ցուցանիշները որոշակի հետընթաց կարձանագրեն։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Իշխանությունը խոստանում էր թափանցիկ ու հաշվետվողական աշխատանք. ի՞նչ ունենք այսօր» թեմայով քննարկմանն ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Նրա խոսքով՝ լավ կառավարման բաղադրիչներից են հաշվետվողականությունն ու մասնակցությունը, թափանցիկությունն եւ ներառական կառավարումը, այդ բաղադրիչներով առաջընթաց չկա։

«Երբ փորձում ենք ամբողջականության մեջ գնահատել, թե որքանով են հաշվետու եւ պատասխանատու կամ ավելի թափանցիկ իշխանությունները, ապա ակնհայտորեն բավականին հեռու ենք ակնկալիքների բավարարումից, որոշ առումներով հետընթաց է արձանագրվել։ Սա հեղափոխությունից հետո ձեւավորված ակնկալիքների տապալում էր, որովհետեւ հեղափոխության նպատակն էր ազատվել անպատասխանատու կամ թալանող, ամբարտավան պաշտոնյաներից, ընտրակեղծարարության եւ վատ կառավարման դեմ էր հեղափոխությունը։ Եվ հիմա ունենք այն բոլոր բաղադրիչները, որի դեմ ժողովուրդը դուրս էր եկել եւ որի դեմ պայքարում էր։ Ամբարտավան պաշտոնյաների բաղադրիչով արդեն հասել են նախկինների մակարդակին»,-ասաց Սոնա Այվազյանը։

Քննարկման մյուս մասնակիցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշեց, որ իշխանությունն օրինակ՝ անվտանգային եւ պաշտպանության ոլորտներում ոչ թափանցիկությունն եւ ոչ հաշվետվողականությունը քողարկում է իբր թե գաղտնի գործընթաց է։

Իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների առնչությամբ, թե ունենք լեգիտիմ մանդատ, Սաքունցը նշեց՝ այդ լեգիտիմությունից բխում է հաշվետվողականությունն ու թափանցիկ գործելաոճը, որի բացակայության դեպքում լեգիտիմությունը շատ արագ կվերանա։

Չնայած քաղհասարակությունը իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ տարբեր քննարկումներին մասնակցում է, սակայն արդյունքում, ինչպես Արթուր Սաքունցն ասաց, հանգուցային եւ համակարգային խնդիրների շուրջ որոշումների կայացման վերաբերյալ քաղհասարակության առաջարկություններն ու կարծիքները հաշվի չեն առնում եւ նույնիսկ հիմնավորում էլ չեն ներկայացնում, թե ինչու հաշվի չեն առնում։

«Պետք է պատասխանատվություն լինի, բացատրություն պետք է տան բոլոր հարցերին, ոչ թե հարցերից խուսափեն ու ասեն՝ ի՞նչ է իմ եղբայրն իրավունք չունի՞ ասֆալտի գործով զբաղվի։ Բայց այդ նույն եղբայրները նախկինում էլ կային»,-ասաց Սաքունցը՝ նկատի ունենալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ նրա եղբորը։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերությունը ասֆալտապատման մրցույթների հաղթող է ճանաչվում։

«Զսպեք ձեր թիմի անդամներին՝ տեղափոխելով բարեվարքության այն շրջանակի մեջ, որի համար մանդատ եք ստացել»,-ասաց Սաքունցը։

Թե ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչները նման վարք դրսեւորում, ինչո՞ւ թափանցիկ եւ հաշվետու չեն աշխատում, այս հարցին ի պատասխան Սոնա Այվազյանն ասաց․ «Կարծում եմ՝ իրենք շատ կարճ միտք եւ նեղ միտք ունեն, եւ չեն հասկանում, թե ինչ է հանրային ծառայությունը։ Նրանք հայտնվել են հանրային պաշտոններում, եւ ցավոք, մեր հանրությունում կա ընկալում, որ եթե դու պաշտոնի ես, պետք է փորձես բոլոր լծակներն օգտագործես, մինչդեռ պետք է հաշվետու լինես, գլուխդ կախ քո գործն անես ու կրես այդ բեռը։ Նրանք չեն գիտակցում իրենց դերն ու նպատակը։ Իրենց դերը տեսնում են ընդդիմության հետ լեզվակռիվ անելու կամ անընդհատ հակառակվելու մեջ, նույնը ընդդիմությանն է վերաբերում»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930