Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու նորընտիր քաղաքապետի առաջին քայլը․ վերադարձնում է քաղաքապետարանի՝ աղմուկով հեռացված աշխատակիցներին

Նոյեմբեր 04,2021 15:25

ՀՀ Սահմանադրության և ՏԻՄ օրենքի առջև երդում տված Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հայտարարեց, որ աշխատելու են բոլոր քաղաքական ուժերի հետ, իրենց համար մարդկանց կուսակցական պատկանելությունը՝ իշխանամետ կամ ընդդիմադիր լինելն ամենևին նշանակություն չունի։

«Բոլոր կարող ուժերի օգտագործմամբ՝ օր առաջ պիտի խնդիրները լուծենք ՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Եթե մարդը կարող է քաղաքին բարություն բերել, օգտակար լինել, ինչ դիմություն կամ ընդդիմություն»,- ասաց քաղաքապետը։

Գյումրու ավագանու կազմում երրորդ տեղը զբաղեցրած «Զարթոնք» կուսակցության 4 ներկայացուցիչներն այսօր չէին մասնակցում քաղաքապետի երդմնակալության արարողությունը։ Հարցին, թե դա բոյկոտի նշա՞ն է, Վարդգես Սամսոնյանը պատասխանեց, որ չի ուզում այդպես բնութագրել, և կոչ արեց համերաշխության, միասնության։

«Եթե ցանկացած մարդ քաղաքի շահերով հետաքրքրված է և ուզում է Գյումրին օր առաջ դառնա մեր սիրելի քաղաքը, ուրեմն ամբիցիաները պիտի դնեն կողքի, քաղաքական մոտեցումները ևս, և գան՝ համատեղ աշխատենք»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանը, որը քաղաքի ղեկը ստանձնեց մոտ կես ամսով, քաղաքապետարան ոտք դնելուն պես աշխատանքից ազատել էր Սամվել Բալասանյանի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանին, գործավարուհուն՝ Թամարա Զաքարյանին, օգնականներին, վարորդին։

Նա պարզաբանել էր, որ վերջիններս հայեցողական պաշտոններ են զբաղեցնում, հետևաբար և այդ իրավունքն ունի։ Գյումրեցիները, սակայն, խիստ քննադատությամբ մոտեցան նման գործելաոճին։

Ազատված աշխատակիցներն այսօր մի մարդու պես եկել էին նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը։

Լրագրողներից մեկը Վարդգես Սամսոնյանին հարցրեց, թե վերադարձնելո՞ւ է նրանց աշխատանքի, քաղաքապետն ասաց․ «Նրանք եկել են շնորհավորելու, բնականաբար, հետ են վերադառնալու, իրենք բարեխիղճ, լավ աշխատողներ են եղել, իրենց պարտականությունները գերազանց կատարել են, պիտի գան, կատարեն, իրենց աշխատանքները»։

Իսկ քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Ալբերտ Մարգարյանի համար քաղաքապետարանում կարծես որևէ հարմար պաշտոն չկա։ Լրագրողների հարցին՝ որևէ առաջարկ կա՞ նրան քաղաքապետարանում աշխատանքի անցնելու, Վարդգես Սամսոնյանն ասաց՝ նման տարբերակ չի քննարկվել։ Նա նշեց, քաղաքապետն արդեն ինքն է, Ալբերտ Մարգարյանը էլ որտե՞ղ մնա քաղաքապետարանում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930