Լրահոս
Օրվա լրահոսը

Առերևույթ չարաշահումներ Պտղնիի համայնքային հողամասի օտարման գործընթացում. հարուցվել է քրեական գործ

Նոյեմբեր 04,2021 14:55

ՀՀ Կոտայքի մարզպետից ՀՀ Կոտայքի մարզի դատախազին հասցեագրվել էր գրություն մարզի Պտղնի համայնքում օրենսդրության կոպիտ խախտումներով համայնքապատկան հողատարածքի օտարման վերաբերյալ:

Գրությունը և կից փաստաթղթերը մարզի դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության Կոտայքի բաժին՝ դրանում նշվող հանգամանքների կապակցությամբ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,443 հա մակերեսով հողամասը համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել է աճուրդ-վաճառքի: Մարզպետարանում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հողամասի նկատմամբ սահմանված Է չմասնավորեցման իրավական ռեժիմ, քանի որ հանդիսացել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողատարածք:

Մարզպետարանի կողմից 15.09.2021թ.-ին ուղարկվել է համապատասխան գրություն նշված պատճառով աճուրդը չեղարկելու, հողամասի օտարման սահմանափակումների հետ կապված իրավական ռեժիմը սահմանված կարգով հանելուց հետո նոր աճուրդ-վաճառքի ներկայացնելու վերաբերյալ:

Այդ պայմաններում, սակայն, Պտղնու համայնքապետարանի կողմից աճուրդի գործընթացը շարունակվել է, և 2021թ.-ի հոկտեմբերի 5-ին կայացած աճուրդ-վաճառքով այն օտարվել է 42.000.000 ՀՀ դրամով:

Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2012թ. փետրվարի 13-ին, Պտղնի համայնքի ավագանու որոշմամբ ջրային հանդիսացող այդ հողամասի նպատակային նշանակությունը, օրենքով սահմանված ընթացակարգի շրջանցմամբ, փոփոխվել է՝ դարձվելով հասարակական կառուցապատման հող:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժինը։

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930