Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է՝ քովիդի առնչությամբ նոր սահմանափակումներ լինեն, քանի որ տեղեկություններ կան՝ ռեստորաններ, թատրոններ եւ այլ հասարակական վայրեր կարող է մուտքը թույլատրվել միայն պատվաստված լինելու դեպքում: Ի պատասխան նախարարն ասաց, որ առաջարկելու են, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ թեստերի պատասխանի համար ոչ թե 14-օրյա ժամկետ սահմանվի, այլ՝ 7-օրյա:
Դիտարկմանը, թե կան տեղեկություններ, որ կառավարությունը մտադիր է առողջապահության նախարարին փոխել, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց՝ որեւէ մտադրություն չունի թողնել պաշտոնը. «Շարունակելու եմ պաշտոնավարել այնքան ժամանակ, մինչեւ ինձ կվստահվի այս պաշտոնը, քանի որ կարծում եմ՝ այս պահին առողջապահության նախարարությունը եւ բոլոր բժշկական կենտրոնները կատարում են ահռելի աշխատանք»:
Նախարարն ասաց, որ երեկ բժիշկների խումբը, որը ժամանել է Ֆրանսիայից, այցելել է մեր երկրի մի շարք քովիդ կենտրոններ եւ «հիացած են կազմակերպչական եւ բարձր մասնագիտական կարողություններով ու գիտելիքներով օժտված մեր բժիշկների աշխատանքից»:
Հարցին էլ, թե նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում՝ հայտնաբերելու այն բժիշկներին, որոնք հակապատվաստումային քարոզ են իրականացնում, Ավանեսյանը պատասխանեց, որ այդպիսի բժիշկները շատ չեն, բայց նրանք, որոնք հակապատվաստումային քարոզչություն են անում, շատ ակտիվ են. «Նրանք օրուգիշեր զբաղված են այդ վնասարարությամբ, մոնիթորինգ իրականացնում ենք»:
Կարդացեք նաև
Նախարարն ասաց, որ վերանայումներ են անելու բժիշկների լիցենզավորման գործընթացում, նաեւ հայտնեց, որ որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ