Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառել զորակոչի ընթացքում բժշկական հետազոտություն անցնելու համար երկար ժամանակով սպասեցնելու արատավոր պրակտիկան. ՀՔԱՎ առաջարկները

Նոյեմբեր 04,2021 12:51
zorakoch

Հաշվառման և զորակոչի ենթակա անձանց պատշաճ ծանուցելու խնդիրը շարունակում է օրակարգային մնալ։ Չնայած ծանուցման կարգը օրենքով հստակ սահմանված է, սակայն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներն իրենց իրազեկման գործառույթը թերացումներով են կատարում։ Առկա են զորակոչի կազմակերպման այլ խնդիրներ ևս։

Այս եզրահանգմանն ենք եկել մեր վերջին ուսումնասիրության շրջանակում՝ իմի բերելով 2020 և 2021 թթ. (հուլիսի 31-ի դրությամբ) իրավական աջակցություն ստանալու նպատակով ՀՔԱՎ դիմած զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների, կուրսանտների, սպաների, զորացրված (այդ թվում՝ վաղաժամ) պարտադիր ժամկետային, պայմանագրային զինծառայողների և սպաների իրավունքների պաշտպանության շրջանակում արձանագրված խնդիրները։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ հետևում է ՀՀ-ում իրականացվող զորակոչի գործընթացին, վեր հանում արձանագրած խնդիրները և առաջարկներ ներկայացնում դրանց լուծման համար։

Համակարգված վիճակագրական տվյալներ առկա են 2010 թ․-ից սկսած: 2010-2019 թթ. ՀՔԱՎ դիմած  վերոնշյալ խմբի ներկայացուցիչների խնդիրների վերաբերյալ վիճակագրական տվյալները ներկայացվել են «ՀՀ պետական մարմինների վարքագիծը զորակոչի գործընթացում» զեկույցում:

ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումները սկսվում են դեռևս զորակոչի գործընթացում  և  հենց այդ փուլում է առաջանում վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը, ուղղված՝ զորակոչիկների իրավունքների պաշտպանությանը և խախտված իրավունքների վերականգնմանը:  Սրա հետ մեկտեղ վերջին շրջանում ի հայտ եկավ կորոնավիրուսային համավարակը, որը ավելի ցայտուն դարձրեց բանակում առկա խնդիրներն ու առաջ բերեց նորերը։

ՀՔԱՎ-ը շարունակաբար բողոքներ է ստանում այն մասին, որ զորակոչիկները ծանուցվում են ոչ պատշաճ ձևով։ Դրանք հիմնականում տեղի են ունենում  սովորական հեռախոսային  զանգի միջոցով կամ ծանուցման թերթիկը հանձնում են ոչ թե զորակոչիկին, այլ՝ տանը գտնվող այլ անձանց, այնինչ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով հստակ սահմանվում է՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցող քաղաքացիների ծանուցման կարգը։ 

Նույն խնդիրը առաջացել է նաև վերջին շրջանում վարժական հավաքներ անցկացնելու մասին որոշումների ծանուցման գործընթացում։ 

Կորոնավիրուսային համավարակի պայմաններում զորակոչի կազմակերպման գործընթացն էլ ավելի շատ մարտահրավեր ունեցավ։

Չնայած դեռևս 2020 թ․ ապրիլի 9-ին ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարը, ՀՔԱՎ-ի հարցմանն ի պատասխան, նշել է, որ զինկոմիսարիատներում կատարվում են անհրաժեշտ միջոցառումները՝ վարակից խուսափելու համար, սակայն ՀՔԱՎ դիմած քաղաքացիները ներկայացրել են հակառակ պատկերը․ նրանք նշում են, որ զինկոմիսարիատներում կամ կենտրոնական հավաքակայաններում հերթի մեջ սպասող զորակոչիկներից ոչ բոլորն են պահպանել սոցիալական հեռավորություն, դիմակ կրել, իսկ դիմակներ բաժանելուց հետո էլ մեծ մասը շարունակել են դրանք չկրել, ինչին չեն արձագանքել զինկոմիսարիատների աշխատակիցները։ Եվ սա այն պայմաններում, երբ հերթերն էլ կարգավորված չեն, և քաղաքացիները ստիպված են լինում երկար սպասել հերթերում։

Խնդիրներ են առաջացել նաև բուժզննության ներկայանալու մասով․ համավարակի պայմաններում 2020 թ․ ծանուցված զորակոչիկների մի մասը չի կարողացել ժամանակին ներկայանալ բուժզննության՝ տրանսպորտային միջոցների բացակայության պատճառով, իսկ մի մասն էլ ֆինանսական պատճառով չեն կարողացել օգտվել տաքսի ծառայությունից։

Չնայած այս խնդրին զորակոչիկները տարեցտարի ավելի հազվադեպ են բախվում, բայց շարունակվում են զորակոչիկներին իրենց առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերի ամբողջական փաթեթը չտրամադրելու դեպքերը։

Նշված խնդիրների ուղղությամբ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներին առաջարկում ենք․

  1. պարտադիր զինվորական ծառայության զորակոչին, հայտարարված վարժական հավաքներին զորակոչիկների  ներկայությունն ապահովելու նպատակով փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցել զինկոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին՝ ծանուցման մեջ նշելով ներկայանալու ժամկետը:
  2. բացառել զորակոչի ընթացքում բժշկական հետազոտություն անցնելու համար երկար ժամանակով սպասեցնելու արատավոր պրակտիկան և սահմանել օրվա ընթացքում առողջական վիճակի հետազոտություն իրականացնելու՝ զորակոչիկների առավելագույն թվաքանակը և ժամանակացույցը, առավել ևս՝ քանի որ դեռևս հաղթահարված չէ համավարակը, դրանով պայմանավորված ապահովել բոլոր պաշտպանիչ միջոցառումները, սոցիալական և ֆիզիկական հեռավորությունը:
  3. բացառել զորակոչիկի առողջական վիճակի զննության վերաբերյալ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի, ինչպես նաև ԿԲՀ որոշումների օրինակների տրամադրման մերժման դեպքերը:

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930