Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 04,2021 12:45

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստում հայտնեց, որ 2021 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 532 միլիոն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերով համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ 2018–2020 թվականներին 1193 սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել: Ըստ նրա, ընդհանուր ներդրման գումարը ավելի քան 47 միլիարդ դրամ է կազմել:

«Երբ ծրագրերը վերլուծում ենք, հասկանալի է դառնում, որ 2018–2020 թվականներին մենք գործնականում պետք է չունենանք գեթ մեկ բնակավայր, որտեղ շատ կոնկրետ, շոշափելի սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվել: 2021 թվականին դեռ ընթացքի մեջ է 678 ծրագիր՝ 48 միլիարդ 419 միլիոն դրամ արժեքով։ Այսօր կառուցվում, վերակառուցվում են փողոցներ, որտեղ 30 տարի ոչ մի աշխատանք չի կատարվել, նորոգվում են դպրոցներ, մանկապարտեզներ, որոնք տասնյակ տարիներ չեն նորոգվել։ Իմ դիրքորոշումը եղել է այն, որ բովանդակություն ունեցող սուբվենցիոն ծրագրերն ընդհանրապես չպետք է մերժի կառավարությունը»: Փաշինյանի խոսքով, սուբվենցիոն ծրագրերում առաջատար են խոշորացված համայնքները։

Գնել Սանոսյանը նշեց, որ մեր երկրում աշխատուժի պակաս կա: Նրա խոսքով շինարարական կազմակերպությունները մեծ մրցույթներ են շահել, սակայն աշխատողներ չկան։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան եւ խնդիրը աշխատուժի բացակայությունն է:
Փաշինյանը նաեւ ասաց, որ արոտավայրերի գերակշիռ մասը՝ 70–80 տոկոսը չի օգտավործվում հիմնականում ենթակառուցվածքների բացակայության պատճառով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930