Հետպատերազմական շրջանում Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մի շարք առաջարկներով, բայց մինչ այժմ Երևանից պատասխան չի ստացել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Աշխարհը COVID-19-ից հետո» ֆորումում իր ելույթում:
Ալիևը հերթական անգամ շեշտել է, որ հակամարտությունը լուծված է, և Ադրբեջանն առաջարկել է սկսել Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթաց՝ երկու երկրների տարածքային ամբողջականությունն ապահովելու համար: «Այդ ամենը համապատասխանում է միջազգային նորմերին, բայց, ցավոք, այդ հարցն էլ առայժմ լուծում չի ստացել»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում Ադրբեջանն «առավելագույն կերպով կառուցողականություն է դրսևորում»: «Ադրբեջանն առավելագույն կերպով կառուցողականություն է դրսևորում, և դա, չնայած այն բանին, որ երկրի տարածքը մոտ 30 տարի գտնվել է օկուպացված և ենթարկվել է ավերածությունների: Մենք պետք է նայենք ապագային և ապահովենք, որպեսզի այն լինի կանխատեսելի, ինչպես նաև պատրաստ լինենք լայնածավալ գործակցության»,- ասել է Ալիևը:
Նա նաև ընդգծել է, որ իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի Հայաստանից:
Կարդացեք նաև
«Մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է: Մենք պատրաստ ենք սկսել բանակցություններ և ստորագրել հաշտության պայմանագիր: Մենք ցանկանում ենք թերթել այս էջը և որոշել սահմանները, բայց, ինչպես տեսնում եք, Հայաստանից պատասխան չկա: Կարելի է ասել, որ մի ամբողջ տարի նրանք լռություն են պահպանում: Ես կարծում եմ, որ նրանք չեն կարողանա դիմադրություն ցույց տալ Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմանը: Եթե բանակցությունների բազում տարիների ընթացքում նրանք մեզ լսեին, իրենց նորմալ մարդկանց պես պահեին, ապա հիմա այս ամենը չէր լինի»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ