Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի՝ ինքնաթիռով և ուղղաթիռով իրականացված չվերթերի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման. «168 ժամ»

Նոյեմբեր 04,2021 12:04

Հոկտեմբերի 27-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի  աշխատակազմ՝ հետևյալ հարցադրումներով.

1.Վերջին մեկ տարում քանի անգամ է վարչապետն ուղղաթիռով որևէ մարզ մեկնել, որտեղ է մեկնել վերջին անգամ այս փոխադրամիջոցով, և արդյոք 2020-ի համեմատ դրա ոչ հաճախակի շահագործումը չի հանգեցնում տեխնիկական այն խնդիրներին, որի մասին խոսում էր վարչապետը:

2.ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում քանի պետական ծառայողական մեքենա կա այս պահի դրությամբ, ո՞ր երկրի և ո՞ր թվականի արտադրության:

3.Ե՞րբ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել պատերազմի սկսման մասին և ումից:

4.Ե՞րբ է վարչապետն իմացել Հադրութի անկման մասին և ումից:

5.2020-ի հոկտեմբերի 21-ին Nikkei ճապոնական պարբերականին տված հարցազրույցում Ալիևը խոսել էր Արցախի խնդրի կարգավորման բանակցությունները շարունակելու հնարավորության մասին, թեպետ արդեն արցախյան որոշ տարածքներ անցել էին իրենց վերահսկողության տակ:

Ինչո՞ւ  է ՀՀ վարչապետն անտեսել այս առաջարկը, սակայն մեկ օր հետո՝ հոկտեմբերի 22-ին,  «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում բարձրացրել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության հարցը, որի մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ էր խոսել:

6.Այս տարվա մայիսին «Արմենպրես»-ի տրամադրության տակ էր հայտնվել ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի 1։100 000 մասշտաբով Թիվ J-38-21 քարտեզը, որի համաձայն՝ Սև լիճն (նիշը՝ 2657.5 մ) իր արևմտյան, հարավային և արևելյան ողջ ափեզրով գտնվում է Հայկական ԽՍՀ սահմաններում։

Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է գտնվում լճի հյուսիսային ափեզրի մի հատված՝ լճի ընդհանուր հայելու մոտ 10 % մակերեսով։ Սև լճից արևելք անմիջական հարևանությամբ գտնվող Սագի լիճը ըստ հիշյալ քարտեզի ամբողջությամբ գտնվում է Հայկական ԽՍՀ տարածքում։

Այսինքն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան ափեզրերի շրջանում ադրբեջանական զինուժի առկայությունը միանգամայն անօրինական է, իսկ հիշյալ տարածքների պատկանելությունը Հայաստանի Հանրապետությանը աներկբա է ու որևէ առումով չի կարող վիճարկվել։

Արդյոք ՀՀ վարչապետն այս հարցը բարձրացրե՞լ է, պատրաստվո՞ւմ է պաշտպանել ՀՀ-ի՝ «քարտեզային» իրավունքը:

7.Ե՞րբ է պատրաստվում Նիկոլ Փաշինյանն այցելել Արցախ։

Նոյեմբերի 3-ին ՀՀ վարչապետի աշխատակազմն իր ուղարկած գրության մեջ, ըստ էության,  պատասխանել է միայն մեկ հարցի:

«1. Հայաստանի Հանրապետության վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռից և ուղղաթիռից օգտվելու կարգը սահմանվում է ՀՀ վարչապետի գաղտնի որոշմամբ, հետևաբար, վերը նշված ինքնաթիռով և (կամ) ուղղաթիռով իրականացված չվերթների վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման։

2.ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված է 44 տրանսպորտային միջոց, որոնց վերաբերյալ հարցվող տեղեկատվությունը ներկայացված է ստորև բերված Աղյուսակ 1-ում»,- նշված է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի գրության մեջ:

Ինչ վերաբերում է պատերազմին, ռազմական դրվագներին,  արցախյան խնդրին, Փաշինյանի Արցախ այցելությանն  առնչվող հարցերին,  ապա վարչապետի անձնակազմից պատասխանել են.

«3-րդ և 7-րդ հարցադրումների առնչությամբ հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. հոկտեմբերի 27-ին՝ Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նշված հարցադրումներին, և վարչապետի հնչեցրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունենք։

4-րդ, 5-րդ և 6-րդ հարցադրումների առնչությամբ հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում, ինչպես նաև Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանների ժամանակ բազմիցս անդրադարձել է նշված հարցադրումներին»:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930