Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի խնդիրներից մեկն այն է, որ ցանկացած իշխանության խնդիրը եղել է իշխանությունը պահելը, ու հանուն դրա ամեն ինչ զոհաբերվում է. Սերոբ Խաչատրյան. «Փաստ»

Նոյեմբեր 04,2021 10:27

Ներկայիս իշխանություններն ընդդիմություն եղած ժամանակ ոչ մեկ անգամ են բարձրացրել բուհերի և առհասարակ կրթական համակարգի ապաքաղաքական լինելու կարևորության հարցը: Նրանք այս առումով ևս խոստումներ էին հնչեցրել, բայց արի ու տես, որ իշխանություն դառնալուց հետո մեծ է գայթակղությունը հսկողության տակ պահել նաև բուհերի հոգաբարձուների խորհուրդները: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ իդեալական տարբերակում համալսարանները պետք է լինեն ազատ և անկախ:

«Բայց երբ իշխանություն ես ստանում, հասկանում ես, որ Հայաստանը դեռևս չի «աճել» այն մակարդակի, որ հեշտությամբ ինքնավարություն տաս: Օրինակ՝ եթե իշխանությունն ինքնավարություն է տալիս համալսարանին, այլ կերպ ասած՝ փորձում է չխառնվել նրա գործերին, ապա լինում է այնպիսի զարգացում, որ արդեն համալսարանական կամ մերձհամալսարանական շրջանակներում ձևավորվում են խմբավորումներ, որոնք փորձում են իրենց թեկնածուին առաջ տանել: Երբեմն այդ թեկնածուներն ունենում են քաղաքական կողմնորոշումներ: Այս իշխանությունները հասկացան, որ ընդդիմադիր ժամանակ իրենց հնչեցրած մտքերը շատ իդեալական են, և շատ արագ տեղավորվեցին հին հագուստի մեջ: Եվ ի՞նչ փոխվեց. եթե առաջ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարներն էին բուհերի խորհուրդներում, հիմա, այսպես ասենք, պաշտոնյաների ռանգն իջեցվեց՝ կարող է լինել փոխվարչապետ, փոխնախարար և այլն: Լինելով ինչ-որ քաղաքական թիմի անդամ կամ էլ վարչական կախվածության մեջ՝ իրենք, բնականաբար, ինքնուրույն չեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Ընդգծում է՝ այստեղ կարևոր է նաև այն, որ այդ մարդիկ նաև ոչ միշտ կարող են օգտակար լինել բուհին: «Եթե ինչ-որ մեկին, որը կրթության ոլորտից հեռու մարդ է, գործատու չէ, անգամ մեծահարուստ չէ և այլն, դնում ենք բուհի խորհրդում, նա ի՞նչ կարող է անել: Նա միայն կարող է կատարել վերևից իջեցված հրահանգներ, որովհետև նա գործատու չէ, կրթության մասնագետ չէ, ոչ էլ մեծահարուստ է, որ կարողանա բուհին օգնել ֆինանսական կամ էլ կապերի ստեղծման հարցերում: Այսինքն, իրականում կրկին ունենք նույն համակարգը, ինչ նախկինում: Սա ցավալի է: Հայաստանի խնդիրներից մեկն այն է, որ ցանկացած իշխանության համար թիվ մեկ խնդիրը եղել է իշխանությունը պահելը, ու հանուն դրա ամեն ինչ զոհաբերվում է:

Գուցե ասում են՝ եկել ենք երկիրը զարգացնելու, բայց որոշ ժամանակ հետո զգում ես, որ ամեն ինչ արվում է իշխանությունը պահելու համար:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930