Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը գլորվում են նույն ճահիճը

Նոյեմբեր 04,2021 10:00

2018-ի մայիսին, իշխանափոխությունից անմիջապես հետո Փաշինյանը հրահանգել էր պետական հիմնարկների բոլոր աշխատասենյակների պատերից հանել Սերժ Սարգսյանի նկարները և հայտարարել էր, որ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ ՀՀ ղեկավարների նկարները պաշտոնյաների պատերին չեն փակցվելու: Ուշադրություն դարձրեք՝ վարչապետը չի ասել, որ ընտրված ղեկավարներինը կարելի է պատից կախել, իսկ չընտրվածներինը՝ չի կարելի: Հիմա, սակայն, այդ տարբերակումը մտցվում է, եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը երեկ արդարացրեց Փաշինյանի նկարներով պատերը «զարդարելը» նրանով, որ նա, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ընտրված առաջնորդ է:

Ըստ իս, այն՝ 2018 թվականի Փաշինյանն ավելի ճիշտ էր, քան այսօրվանը: Որովհետեւ խնդիրը տվյալ դեպքում ոչ թե ընտրված-չընտրած լինելն է, այլ ժողովրդավարական ճանապարհով գնալն է կամ չգնալը: Անձի լուսանկարն աշխատասենյակում փակցնելն ինձ համար արեւելյան դեսպոտիզմի, անձի անզուսպ պաշտամունքի դրսեւորում է: (Գիտեմ, որ դա երբեմն արվում է նաեւ ժողովրդավարական երկրներում, բայց դա ինձ համար չափանիշ չէ): Այդ նկարը փակցնելով՝ պաշտոնյան ցույց է տալիս, որ առաջնորդի գործերն անքննելի են, որ նրա հասցեին որեւէ քննադատական բառ ասելը վիրավորանք է պետության խորհրդանիշի հասցեին: Ի դեպ, Հայաստանի ո՞ր օրենքում է գրված, որ վարչապետը երկրի խորհրդանիշն է՝ դրոշի, օրհներգի կամ զինանշանի նման: Գուցե նախագա՞հն է խորհրդանիշը՝ որպես պետության գլուխ: Կամ՝ ԱԺ նախագա՞հը, քանի որ խորհրդարանական երկիր ենք: Իսկ ինչո՞ւ Անվտանգության խորհրդի քարտուղարը խորհրդանիշ չէ:

Քանի որ ես՝ որպես լրագրող, հետեւում եմ արդեն թվով չորրորդ իշխանության էվոլյուցիային, կարող եմ ասել, որ կարեւոր չէ՝ իշխանությունն իր ծագումնաբանությամբ հեղափոխական է, թե զուտ նոմենկլատուրային: Անցնում է 2-3 տարի, եւ բոլորը գլորվում են միեւնույն փոսի, միեւնույն ճահճի մեջ, որը կոչվում է ձանձրալի բյուրոկրատիա: Անդեմ չինովնիկի համար բացարձակապես պարտադիր չէ բոցավառվել վարչապետի նկարով (ինչպես որ արդարադատության նախարարն է անում), նա «շեֆի» նկարը կախում է, որովհետեւ բոլորն են այդպես անում, որովհետեւ՝ եթե չանի, ապա մե՜ծ խնդիրներ կունենա: Եվ խոսքերն ու «արդարացումները» նույնն են դառնում: Երբ վառելիքի թենդեր էին շահում Միխայիլ Բաղդասարովը կամ Բարսեղ Բեգլարյանը, դա կոռուպցիա էր: Իսկ երբ ինչ-որ մրցույթ շահում են Ալեն Սիմոնյանի եղբոր կամ Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված ֆիրմաները, դա կոռուպցիա չի: «Չէ, ի՞նչ եք ասում՝ արդար մրցույթ էր»: Քիչ է մնում ասեն, որ դա կոռուպցիա չի այն պատճառով, որ Փաշինյանը ընտրված առաջնորդ է: Այդ հանգամանքը կարծես թե ամեն ինչ ծածկում է:

…Արայիկ Հարությունյանն էլ այլեւս երբեք մետրոյով աշխատանքի չի գնա: «Պալոժ չի»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ամեն ազգ արժանի է իր իշխանությանը, հավասարապես, ամեն իշխանություն արժանի է իր ազգին, բարձրացնելով իշխանության մակարդակը մեխանիկորեն կբարձրանա եւ ազգի մակարդակը, հավասարապես, բարձրացնելով ազգի մակարդակը մեխանիկորեն կբարձրանա իշխանության մակարդակը: Կարծում եմ, այսօրվա պայմաններում, երբ մեր իշխանությունը եւ ընդդիմությունը ծառայում են ում ասես, բայց ոչ սեփական ազգին, իսկ բարձր կարգի ազգը միշտ ազատ ու անկախ է եւ միակ ուժն է, ում հետ ցանկացած լավ թե վատ, դրսի թե ներսի իշխանություն հաշվի է նստում: Խնդիրը շատ պարզ է եւ հեշտ լուծելի’ միջընտանեկան օրենքները գրում է համայնքը, համայնքը ընտրվում է ընտանիքների կողմից, միջհամայնքային օրենքները գրում է պետությունը, պետությունը ընտրվում է համայնքների կողմից, միջպետական օրենքները գրում է վերպետական կառույցը’ անունը դնենք կայսրություն կամ արքայություն, արքայությունների արքայությունն էլ երկրագնդի մարդկությունն է, հետո Գալակտիկայի այլմոլորակայինների հետ ենք նման կառույց ստեղծում:), բայց եւ իջնում ենք ֆաունա ֆլորայի մակարդակի եւ նույն խնդիրը լուծում, որը լուծում են վերը նշված հիերարքիկ կառույցները, այն է’ տեսակի պահպանման, տեսակի բնական զարգացման եւ տեսակի պաշտպանման խնդիրը: Ընտրությունները պետք է լինեն թափանցիկ, բաց եւ ընտրվում են մարտավարական կետերը կամ սցենաները, իսկ այդ կետերը ներկայացնողները գաղտնի են պահվում, իսկ ռազմավարական կետերը բոլոր աստիճաններում ընդունվում է հանրաքվեի միջոցով’ ընտանիքների հանրաքվեով ընդունվում է համայնքների ռազմավարությունը, համայնքների հանրաքվեով ընդունվում է պետության ռազմավարությունը, պետությունների հանրաքվեով ընդունվում է արքայության ռազմավարությունը..:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930