Լրահոս
Օրվա լրահոսը

95-120% հավելավճարներ՝ գլխավոր դատախազին եւ տեղակալներին

Նոյեմբեր 04,2021 14:30

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով մտադիր է սահմանել առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը, եւ այս պաշտոններին տրվող հավելումների վճարման չափերը։

Ըստ այդմ, ըստ նախագծի, առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոններն ու նրանց պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հավելավճարի չափը՝

1. գլխավոր դատախազ, վճարվող հավելումների չափը 95%,
2. գլխավոր դատախազի տեղակալ, վճարվող հավելումների չափը՝ 100%,
3. գլխավոր դատախազի տեղակալ (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող)՝ 120%,
4. գլխավոր դատախազի տեղակալ (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող)՝ 90%,
5. գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ՝ 100%:

«Նշված պաշտոնների համար հավելում նախատեսելու առաջարկի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելը կրում է առանձնակի ռիսկային բնույթ»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Նախարարությունն իր հիմնավորման մեջ հղում է արել միջազգային փաստաթղթերին, օրինակ նշում է՝ Եվրոպական դատավորների խորհրդակցական խորհրդի 2009 թվականի թիվ 12 որոշման եւ Եվրոպական դատախազների խորհրդակցական խորհրդի 2009 թվականի թիվ 4 որոշման համաձայն, «… դատախազների կարգավիճակը պետք է ամրագրված լինի օրենքով՝ հնարավորինս բարձր մակարդակով՝ դատավորների կարգավիճակին նմանաբնույթ ձեւով: Դատավորների եւ դատախազների առաքելությունների նմանությունը եւ փոխկապակցված բնույթը հիմք են դառնում նույնաբնույթ պահանջներ եւ երաշխիքներ սահմանելու նրանց կարգավիճակի, ծառայության պայմանների առումով, մասնավորապես՝ աշխատանքի ընդունման, վերապատրաստման, վարձատրության եւ այլնի հետ կապված»։

Թե ինչու պետք է նշված պաշտոնյաներն ավելի բարձր վարձատրություն ունենան, նախագծի հեղինակներն այսպես են հիմնավորում. «Կոռուպցիոն գործերի հետ առնչվող դատախազները, բացի ընդհանուր մասնագիտական գործունեության առանձնահատկություններից, աշխատում են կոռուպցիոն դեպքերի հետ եւ կարող են հայտնվել արտաքին զգալի ճնշման տակ: Ընդ որում, արտաքին զգալի ճնշումը պայմանավորված է ոչ միայն գործի մասնակիցների զբաղեցրած դիրքով եւ պաշտոնով, դրանցից բխող ազդեցությամբ եւ իշխանական լիազորություններով, այլեւ կոռուպցիոն գործերով հանրային բարձր հետաքրքրվածությամբ եւ համապատասխանաբար դատախազի դիրքորոշման վրա՝ հանրային կարծիքից բխող ճնշումների առկայությամբ, որը հաճախ ուղեկցվում է զանգվածային լրատվական միջոցներով դատախազի անձի եւ բարի համբավի, մասնագիտական կարողությունների վերաբերյալ սուբեկտիվ, անհիմն եւ կոշտ որակումներով»:

Բացի այս, հեղինակները նշում են, որ կոռուպցիոն հանցագործություններով գործերի քննության նկատմամբ հանրային հետաքրքրվածության մակարդակը շատ բարձր է եւ որպես կանոն, կապված են բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։ Ուստի, պետք է հաշվի առնել, ըստ նախագծի հիմնավորման, որ կոռուպցիոն հանցագործություններով հանցավոր արարք կատարելու մեջ մեղադրվող անձինք ունեն լծակների հարուստ զինանոց, առավելեւս, եթե զբաղեցնում են կամ զբաղեցրել են ղեկավար պաշտոն իրավապահ համակարգում կամ որեւէ այլ կերպ առնչություն ունեն կամ ունեցել են իրավապահ կամ արդարադատության մարմինների հետ:

«Նման պայմաններում առավել մեծ են ռիսկերը, որ կոռուպցիոն գործերով հետաքննության եւ նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող եւ դատական քննության ընթացքում որպես մեղադրող հանդես եկող պաշտոնատար անձի՝ դատախազի նկատմամբ ճնշումների փորձեր կնախաձեռնվեն: Այս պայմաններում դատախազի գործունեությունը ավելի սթրեսային է դառնում՝ պահանջելով վերջինից՝ կողմի եւ հանրության հնարավոր ճնշումներին դիմակայելու, պետության եւ հանրության շահերը ենթադրյալ կոռուպցիոն հանցագործության քննության ընթացքում լավագույնս ներկայացնելու ունակություն»:

Նախագծի ընդունումից հետո, ըստ արդարադատության նախարարության, գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի տեղակալների եւ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության 21 դատախազների համար նախնական հաշվարկով տարեկան անհրաժեշտ է 144 միլիոն դրամ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930