Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուդոլֆ Խառատյանը օպերա է բեմադրում

Նոյեմբեր 04,2021 13:30

Առաջին անգամ Հայաստանում՝ Գյումրիում կներկայացվի Պյորսելի «Էնեաս եւ Դիդո» բարոկ օպերան

Վերջերս «Առավոտի» հետ զրույցում (16.10.2021) ֆրանսաբնակ ճանաչված երգեհոնահար Նարինե Սիմոնյանը նշել էր, որ Հայաստան կժամանի հնագույն երաժշտության գիտակ, կլավեսինահար, երգեհոնահար, բարոկ օպերային արվեստի վոկալ եւ գործիքային մասնագետ Ստեֆանո Ինտրիերին (Ֆրանսիա)։

Նպատակը Գյումրիում անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի «Էնեաս եւ Դիդո» բարոկ օպերայի բեմադրությունն է, որն այդ ոճի գլուխգործոցներից է։

Մեր դիտարկմամբ՝ մեր իրականությունում գոնե վերջին երեք տասնամյակների ընթացքում հանդիսատեսին է ներկայացվել ընդամենը մեկ՝ Վիվալդիի «Տիգրան Մեծ» օպերան՝ համերգային ձեւաչափով, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։

Բարոկ ժամանակաշրջանում (1600-1750թթ.) արվեստի տարբեր ճյուղերում (ճարտարապետություն, գեղանկարչություն, քանդակագործություն, երաժշտարվեստ եւ այլն) ստեղծագործել են շատ անվանի արվեստագետներ։ Նշենք, որ այդ ժամանակաշրջանի հիմնական երաժշտական գործիքը կլավեսինն էր։ Ի տարբերություն օպերային ժանրի, լայն հանդիսատեսին հայտնի են բարոկ ոճում գրված այնպիսի հեղինակների ստեղծագործություններ, ինչպիսիք են Բախը, Հենդելը, Ռամոն, Մոնտեվերդին, Պյորսելը, Վիվալդին, Կորելլին եւ այլն։
Զրույցի սկզբում Ստեֆանո Ինտրիերին հավաստիացրեց, որ մեկ-երկու օր է, ինչ շփվում է մեր ուսանող երաժիշտների հետ եւ, իր խոսքերով՝ երիտասարդները բացարձակ բոբիկ են բարոկ օպերայից։ «Կարծում եմ, որ ոչ միայն ուսանողները, այլեւ հանդիսատեսն ընդհանրապես պետք է որոշակի գիտելիքներ ունենան։ Տեսեք՝ Իտալիայում Կորելլին եւ Մոնտեվերդին ստեղծեցին բարոկ առաջին օպերաները, որոնց համար հիմք էին ծառայում հին հունական ու հռոմեական առասպելները։ Ֆրանսիայում այն տարածվեց շնորհիվ Հենդելի, Ռամոյի եւ Պյորսելի ստեղծագործությունների։ Իսկ, օրինակ, Գերմանիայում, բարոկ օպերան տարածում չգտավ։ Գերմանացի կոմպոզիտորները շարունակում էին գրել եկեղեցական երաժշտություն։ Բայց, օրինակ, Բախի ստեղծագործությունները, երաժշտության նկատմամբ նրա մոտեցումը, անսահման հնարավորություններ բացեցին։ Բարոկ երաժշտության վառ օրինակ է Հենդելի Մեսսան…»,- հայտնեց Ստեֆանո Ինտերիերին։ Մենք էլ ավելացնենք, որ Անգլիայում տարածում գտավ օրատորիայի ժանրը, որը հիմնված էր բացառապես կրոնական եւ պատմական թեմաների վրա։ Ընդ որում՝ առանց բեմական գործողությունների։

Մեր զրուցակիցը նշեց, որ Գյումրիում բեմադրվելիք բարոկ օպերան ըստ էության կրթական ծրագիր է եւ առանց մանրամասնելու ասաց, որ հիշյալ օպերայի բեմադրական աշխատանքներում ընդգրկված են մեծ թվով ուսանող երաժիշտներ։ Պրեմիերան կկայանա Գյումրիի մարզամշակութային կենտրոնում, նոյեմբերի 13-ին եւ 15-ին։ Դերերգերով հանդես կգան ֆրանսաբնակ Մարի Մյուլլերը (Դիդո), Հովհաննես Անդրեասյանը (Էնեաս) եւ Նունե Գրիգորյանը (Բելինդա), մասնակցությամբ Արմեն Կարճյանի ղեկավարությամբ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողական նվագախմբի, Գյումրիի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցու երգչախմբի (ղեկավար՝ Արփինե Մանուկյան)։ Բեմադրող ռեժիսորն ու խորեոգրաֆն է Ռուդոլֆ Խառատյանը։

Կապվեցինք Ռուդոլֆ Խառատյանի հետ։ Նա խոստացավ խոսել պրեմիերայից հետո, ընդամենը նշեց, որ հիշյալ օպերային բեմադրության երաժշտական ղեկավարն է Նարինե Սիմոնյանը, բեմի ձեւավորումը Սարգիս Հովհաննիսյանինն է, հագուստի դիզայնը իրականացրել են Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի Հագուստի մոդելավորման բաժնի ուսանողները՝ Տաթեւ Հարթենյանի ղեկավարությամբ։ Իսկ օպերայի խորհրդատուն, որն անցկացնում է բարոկո վարպետության դասեր, Ստեֆանո Ինտրիերին է։ «Տեսեք ինչ է կատարվում. Հայաստանում առաջին օպերային ներկայացումը՝ Տիգրանյանի «Անուշը», բեմադրվել է 1912թ., Գյումրիում եւ ստացվում է, որ 109 տարի անց, այս անգամ Պյորսելի «Էնեաս եւ Դիդո»-ով, դարձյալ Գյումրիում, հիմք է դրվում օպերային այլ՝ բարոկ ոճի»,- հավելեց Խառատյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներն արված են «Էնեաս եւ Դիդո» օպերայի փորձերի ժամանակ։

«Առավոտ» օրաթերթ
03.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930