Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարբերանշանը միջազգային հարթակում չի զիջի մնացած բոլոր տարբերանշաններին դասական ոլորտում». Նարե Համբարձումյան

Նոյեմբեր 04,2021 13:00

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես եկավ նոր տարբերանշանով, նոր համազգեստներով, բեյջերով եւ կրծքանշաններով։ Նպատակը նորովի, ավելի ժամանակակից ձեւով ներկայանալն է հայրենիքում եւ միջազգային հարթակներում։ Փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հանրային կապերի մասնագետ, հաղորդավարուհի Նարե Համբարձումյանի եւ տարբերանշանի հեղինակ, դիզայներ, երգիչ Տիգրան Քախվեջյանի հետ:

– Ինչպե՞ս որոշվեց ստեղծել նոր տարբերանշան։

Նարե Համբարձումյան – Նոր տարբերանշան ստեղծելու մտքեր վաղուց են եղել, քանի որ մեր հին տարբերանշանը բավականին երկար ժամանակ է, որ կար։ Այն շատերին չէր գոհացնում։ Երբ ընդունվեցի աշխատանքի եւ իմացա, որ աշխատակազմը ցանկանություն ունի փոխելու տարբերանշանը, ոգեւորվեցի այդ փաստով ու նախաձեռնեցինք այս գեղեցիկ աշխատանքը իմ լավ ընկեր, դիզայներ, երգիչ Տիգրան Քախվեջյանի հետ։

– Երկա՞ր տեւեց ռեբրենդինգ իրականացնելու ընթացքը։

Ն. Հ.
– Ամիսներ առաջ առաջացավ ռեբրենդինգի գաղափարը։ Տիգրանը երկար ժամանակ աշխատեց տարբերանշանը ստեղծելու համար։ Ստացանք մաեստրո Էդուարդ Թոփչյանի հավանությունը եւ ներկայացանք վերջնական արդյունքով համերգներից մեկի ժամանակ, երբ հնչեցին Բեթհովենի ստեղծագործությունները։

– Բացի տարբերանշանից՝ նոր հագուստներ, կրծքանշաններ եւ բեյջեր ունեցավ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը…

Ն. Հ. – Այո, լոգոյով համազգեստներ ունեցանք, սիմվոլիկ կրծքանշաններ, անձնակազմը ունեցավ բեյջեր։ Շատ առարկաներ եւ պարագաներ պետք է ստեղծենք նոր լոգոյով, որպեսզի ռեբրենդինգի տեսքը, բրենդբուքը ամբողջացնենք։ Փոփոխություններից հետո շատ դրական կարծիքներ են հնչել։ Վերջապես մենք ունենք այնպիսի տարբերանշան, որը չի զիջի միջազգային հարթակում մնացած բոլոր տարբերանշաններին դասական ոլորտում։ Ապագայում դեռ պետք է ընդլայնենք բրենդբուքը, կայքը վերաձեւավորենք։ Քայլերով պետք է առաջ գնանք եւ դեպի ավելի նոր ու ժամանակակից սանդղակների հասնենք։

– Ինչպե՞ս հենց այս տարբերանշանի պատկերը ստացաք։

Տիգրան Քախվեջյան – Տարբերանշանը հենց այս տեսքը չի ունեցել սկզբում։ Էսքիզներ եմ արել՝ տարբեր դասավորություններով, շրիֆտային ոճերով, եւ մի քանի այդպիսի տարբերակներ ստանալուց հետո ընտրվել է հենց այս տարբերակը։

– Ինչպե՞ս ընդունեցիք տարբերանշան ստեղծելու առաջարկը։

Տիգրան Քախվեջյան – Ինձ դիմել է Նարեն՝ ասելով, որ ցանկանում են փոխել տարբերանշանը։ Շատ մեծ ուրախությամբ էի կատարում աշխատանքը, քանի որ ինձ համար կարեւոր էր, որ հենց իմ ստեղծած տարբերանշանը ընտրվի ազգային ֆիլհարմոնիկի համար։ Երբ արդեն տարբերանշանի մի քանի տարբերակ ունեցա եւ ընտրվեց հենց այս տարբերակը, սկսեցի բրենդինգի աշխատանքները՝ հագուստ, բեյջեր, կրծքանշան, ինչը որ պետք է տվյալ կառույցին։

– Դուք երբեւէ այլ տարբերանշաններ ստեղծե՞լ էիք։

Տ. Ք.- Այո՛, տարատեսակ տարբերանշաններ եմ ստեղծել տարբեր ընկերությունների, գրքի, կայքի, մոբայլ հավելվածների համար։

Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930