Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հավատում եմ հավերժական սիրուն»

Նոյեմբեր 04,2021 12:30

Մարիամ Մերաբովան՝ անձնական կորստի, սիրո ու նախկին ջազմեն հոգեւորականի երգի մասին

Ռուսաստանաբնակ հայազգի ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան՝ երջանկահիշատակ ամուսնու՝ Արմեն Մերաբովի «Միրայֆ» նախագծի եւ ջազային-էստրադային խմբի ուղեկցությամբ նոյեմբերի 20-ին հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգից առաջ երգչուհին սիրով պատասխանել է «Առավոտի» հարցերին: Մեր հարցին՝ ինչո՞վ է յուրահատուկ լինելու այս համերգը, եւ ի՞նչ է սպասվում ունկնդրին, Մերաբովան այսպես պատասխանեց. «Հայրենիքում ունեցած յուրաքանչյուր համերգ ինձ համար երջանկություն է, ես սրտի թրթիռով եմ սպասում այդ համերգներին: Ինչ վերաբերում է այս համերգին, սա մեծամասշտաբ մենահամերգ է ֆիլհարմոնիայի բեմում՝ առաջին անգամ առանց ամուսնուս՝ Արմեն Մերաբովի: Մինչ այս, մենք բազմիցս հանդես ենք եկել այս հրաշալի ու պատմական բեմի վրա՝ ձեռք ձեռքի տված: Բայց իմ անձնական կորուստն ինձ չընկղմեց վշտի մեջ, որովհետեւ որպես հավատացյալ մարդ՝ ես հավատում եմ հավերժական կյանքի ու հավերժական սիրո գոյությանը: Բացի դրանից, ինձ հետ է նաեւ նրա երաժշտությունը, որը շարունակում է հնչել, ինչը նշանակում է, որ ամեն դեպքում ես Արմենի հետ եմ, բեմի վրա եմ»:

Հարցրինք՝ ինչո՞ւ է համերգի խորագիրը «Գրիր ինձ», ինչ խորհուրդ ունի այն: «Գրիր ինձ»-ը երգի վերնագիր է, որը զարմանալի կերպով ընդգրկվեց իմ երգացանկում: Արմենի գնալուց հետո այս երգը նվիրել է հեղինակը, որը նախկին ջազային երաժիշտ է, այժմ՝ հոգեւորական: Նա վերջին ծառայությունը մատուցեց Արմենին՝ նրան ճանապարհելով: Այդ երգն ուղղակի ցնցեց ինձ: Նրանում կարծես իմ ամենանվիրական զրույցը, մտքերը եւ հույզերը լինեն ամփոփված: Դրա համար էլ այս համերգն անվանեցի «Գրիր ինձ»,-պատասխանեց երգչուհին:
Հարցրինք, թե ինչպես է ընտրվել ծրագիրը, եւ ինչն է այնտեղ շեշտադրված: «Ծրագրի հիմնական շեշտը ես եմ: Ցանկացած ստեղծագործություն անցնում է իմ սրտով, դրա համար էլ ջնջվում են ժանրերը, եւ մնում է միայն այն, թե ինչ ենք փոխանցում ունկնդրին, ինչքանով է հաջողվում կապը դահլիճի հետ: Իմ խնդիրը առավելագույնն այդ ամենը փոխանցելն է»,-ասաց Մարիամ Մերաբովան:

Հետաքրքրվեցինք նաեւ ունկնդիրներից երբեւէ ստացած ամենայուրօրինակ արձագանքներով: «Ինձ համար ամեն համերգ անգին է, եւ թանկ են բոլոր ունկնդիրները: Ես ամենուր եւ միշտ աշխատում եմ նույն ձեւով ու ամբողջ հոգով: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը համերգից մի փոքր ջերմություն ու սեր տանի»,- ասաց սիրված երգչուհին:

Հավելենք, որ համերգն իրականություն է դառնում Էմիլ Կարատի նախաձեռնությամբ, գործընկերներն են «Fly1Armenia» ավիաընկերությունը, «InfoExpert» եւ «Rent a car» ընկերությունները: Համերգի ծրագրում ներառված են երգեր՝ մայրիկի, հայրենիքի, սիրո մասին, հերոսների հիշատակին: Կհնչեն դաշնակահար եւ կոմպոզիտոր Արմեն Մերաբովի հեղինակային երգերը, գրված Մարիամ Մերաբովայի խոսքերի հիման վրա:

Հանդիսատեսը կլսի նաեւ գլուխգործոցներ խորհրդային ժամանակաշրջանի ոսկե ֆոնդից՝ Կոնստանտին Օրբելյան, Անդրեյ Էշպայ, Վադիմ Գամալեյ, Առնո Բաբաջանյան, Իգոր Կրուտոյ, Յուրի Բիրյուկով, Մարկ Մինկով, Վլադիմիր Վիսոցկի, Վալերի Զուբկով, Մարկ Ֆրադկին, Ժորժ Կառվարենց, կհնչեն հեղինակային երգեր՝ գրված Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաեւայի խոսքերի հիման վրա: Համերգային ծրագրին կմասնակցի երգիչ, երգահան Նոդար Ռեւիան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930