Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղիցի կամքը քո». լեհ դասական Ցիպրիան Կամիլ Նորվիդի պոեզիան՝ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ

Նոյեմբեր 04,2021 12:00

Երկիրն ու ազգը ճանաչելու լավագույն եւ ազնիվ ուղին նրա մշակույթը ճանաչելն է։ Եվ լեհ ժողովրդի ներքին նկարագիրը, ստեղծարար հանճարի զորությունն ընկալելի եւ գնահատելի դարձնելու գործուն միջոց էր 19-րդ դարի փայլուն բանաստեղծ Ցիպրիան Կամիլ Նորվիդի ստեղծագործությունը հայ մշակութասեր հանրությանը թարգմանաբար ներկայացնելը։ Բազմատաղանդ այդ անձն ունեցել է կյանքի դրամատիկ պատմություն. բանաստեղծի, նկարչի եւ քանդակագործի բնատուր շնորհին գումարվել է լավագույն կրթությունը, որը ստանալու նպատակով Նորվիդը դեգերել է եվրոպական մշակութային մայրաքաղաքներում՝ Դրեզդեն, Վենետիկ, Բրյուսել, Հռոմ։ Սակայն նրա կյանքը դառնացած էր այն ժամանակ անբուժելի համարվող հիվանդությամբ. չքավորությունը, հայրենիք վերադառնալու անկարողությունը, իր ապրած ժամանակի զգայուն ընկալումը, մոռացության մեջ՝ Փարիզի արվարձանում գտնվող Սբ. Կազիմիրի ապաստանում հայտնվելը նրա գրիչը գնալով դարձնում են զգայուն-ամբարիշտ, որ աստվածային կամքից զատ չի ընդունում մարդկային եղծված բարքերն ու անարդարությունը, կեղծության կանոններով առաջնորդվող աշխարհական կյանքի պարտադրանքները։ Գրում է ո՛չ մերկարապարանոց, այլ պոետական բարձր ոճով եւ խորհրդապատկերների կատարյալ իմացությամբ. նրա բանաստեղծությունը որքան դասական, այնքան՝ տարականոն է, ուստի ցայսօր գրականագետների կարծիքները բախվում են՝ նրա ստեղծագործությանը գնահատականներ տալիս։ Կենդանության տարիներին ճանաչում չգտած եւ մոռացված՝ նրա գեղեցկագույն եւ խորը պոեզիան պիտի գնահատվեր շատ ավելի ուշ. լեհերը հիմա նրա մասունքներին խոնարհվելու համար պիտի այցելեն Մորմորանսիի հանրային գերեզմանատուն (տեսնես՝ քանի՞ մարդ է ներկա եղել նրա անշնչացած մարմինը հողին հանձնելիս)։

Գագիկ Դավթյանի թարգմանությամբ՝ Ցիպրիան Կամիլ Նորվիդի բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը՝ համադրված լեհ երաժիշտների մասնակցությամբ համերգով եւ ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Հովհաննիսյանի տպավորիչ ասմունքով, կայացավ հոկտեմբերի 30-ին Կոմիտասի ինստիտուտ-թանգարանում։ Թարգմանության համար ընտրված գործերը Նորվիդի հսկայածավալ գրական ժառանգությունից քաղված հանրահայտ քերթվածքներ էին, որ առաջին անգամ էին հնչում հայերեն։ Եվ ո՛նց էին հնչում. մեր լեզվի կանոնականությամբ, բառապաշարի հարստությամբ, բանաստեղծական միտքը եւ հույզը, խոկումը եւ փիլիսոփայությունը միահյուս, ներդաշնակ կառուցելու արվեստով։ Գեղարվեստական թարգմանության անթերի նմուշներ, որ մի անգամ եւս վկայում են Գագիկ Դավթյանի թե՛ թարգմանական եւ թե՛ բանաստեղծական շնորհի մասին։ Եվ զուր չէին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Ցեպլակի, այլ բանախոսների բարձր գնահատականները բանաստեղծ եւ թարգմանիչ Գագիկ Դավթյանի աշխատանքին՝ լեհ դասականի բանաստեղծությունների հայերեն թարգմանությունը գերազանց որակով ներկայացնելու ուղղությամբ։

Մի օրինակով միայն ներկայացնեմ այդ թարգմանությունը՝ խորհուրդ տալով ունենալ այդ գիրքը, ուր մարդկային կյանքի դժոխքն ապրած բանաստեղծն իր հոգու լույսով տանում է մարդկանց դեպի ներքին մաքրագործման խորհուրդ։ Ահա տողեր՝ «Շոպենի դաշնամուրը» բազմամաս ստեղծագործությունից.

«Ես այն օրերին եմ եղել քեզ մոտ, Շոպեն,
Երբ աջը Քո,
Ամբողջովին ճերմակ եւ ալաբաստրե ասես եւ
Թվաց ջայլամային շքեղ փետուրի պես
Հպվեց փղոսկրե ստեղնաշարին,
Եվ ցոլքի պես կորավ անդարձորեն։
Դու ի՛նչ նման էիր դյութիչ այն կերպարին,
Որ ընդերքի կարծր մարմարիոնից
Քանդակվել է եւ հղկվել նոր ու նորեն,
Մուրճով եւ հատիչով Պիգմալիոնի,
Եվ հանճարին ընդմիշտ զրկել բառից»։

Գրքից ընթերցումներին հաջորդում էին լեհ ճանաչված երաժիշտների կատարումները։ Ցիպրիան Կամիլ Նորվիդի ծննդյան 200-ամյակին նվիրված երեկոյին հնչեցին Ֆրեդերիկ Շոպենի, Կարոլ Լիպինսկու, Վոյցեխ Կիլարի ստեղծագործությունները։ Ներկաները թարգմանչի ընծայագրով նվեր ստացան գրքի հուշանվերային հրատարակության օրինակները։ Գիրքը հրատարակվել է Հայաստանում Լեհաստանի դեսպանության, Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործոց, Մշակույթի, ազգային ժառանգության եւ սպորտի նախարարությունների, լեհական Մշակութային հիմնադրամի աջակցությամբ։

Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել