ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։ Այս մասին այսօր Կարեն Անդրեասյանն ասաց խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում:
Կարեն Անդրեասյանը դիմումը ներկայացրել է, բայց իրեն դեռեւս չեն պատասխանել։
«Ուզում եմ անդամակցել ՔՊ-ին, քանի որ կիսում եմ այնտեղ շատ թիմակիցների մոտեցումները, կարծիքները, արժեքները։ Կարծում եմ, եթե միացել եմ քաղաքական գործընթացին եւ աշխատանք եմ իրականացնում, ապա շատ ավելի արդյունավետ է, որ երբ դու ոչ թե կողքից ես, այլ թիմի մեջ ես եւ թիմի աջակցությունն ես ստանում ամբողջական, թիմի հետ ես պայքարում բոլոր ռեֆորմների ու քո արժեքների համար»,- լրագրողների հարցերին ի պատասխան ասաց նա։
Կարդացեք նաև
Կարեն Անդրեասյանը չի վիճարկում, որ կուսակցականությունը բարդ գործընթաց է, եւ այնտեղ միշտ չէ, որ լինում են կոնսենսուսներ, համաձայնություններ: Լրագրողների տարբեր հարցերին նա պատասխանեց. «Ինքս փորձ չունեմ այդ դաշտում։ Ես իմ կյանքում երեք ամսով եմ եղել կուսակցական, շատ դառը փորձ էր: Եկեք չհիշեմ: ՀՀԿ անդամ երբեք չեմ եղել։ Եղել եմ «Համախմբում» կուսակցությունում, որը շատ կարճ տեւեց։ Սա իմ ընտրությունն է եղել, նաեւ անձնական մոտեցում է՝ եթե անել, ապա ամբողջը եւ ամեն ինչ, ամբողջությամբ ներքաշվել գործընթացի մեջ, կրել պատասխանատվություն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ