ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր խորհրդարան չէր եկել:
Հիշեցնենք, խորհրդարանում հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկվում է 2022 թվականի բյուջեի նախագիծը: Քննչական կոմիտեին վերաբերվող մասը ներկայացնում էր ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Նա լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչո՞ւ Արգիշտի Քյարամյանը չի եկել խորհրդարան՝ ասելով, որ նրա գրաֆիկում անսպասելի փոփոխություններ են եղել: Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչը կարող էր առավել կարեւոր լինել, քանի խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանականների հարցերին պատասխանելը, Արսեն Այվազյանը հորդորեց՝ չգնահատել, թե ո՞րն է ավելի կարեւոր ու հավելեց, որ կան բազմահազար քրեական գործեր, որոնք հետեւողականություն են պահանջում, այդ թվում նաեւ գործեր, որոնք անմիջական վերահսկողություն են պահանջում:
Արսեն Այվազյանը վստահեցրեց, որ Արգիշտի Քյարամյանը չի խուսափում ընդդիմադիր պատգամավորների եւ լրագրողների հարցերին պատասխանելուց:
«Կա ծանրաբեռնվածություն, կա աշխատանք, կա հրատապություն, որը մարդուն ստիպում է իր աշխատանքային գրաֆիկը փոխել»,- ասաց Արսեն Այվազյանը՝ հավելելով, որ իրենց աշխատանքը անկանխատեսելի է եւ չնորմավորված:
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին, որ նախկինում, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որեւէ պաշտոնյայի խորհրդարան չներկայանալը խիստ քննադատում էր եւ նույնիսկ հեգնում էր այն պաշտոնյաներին, ովքեր եկել էին խորհրդարան՝ նրանց հարցնելով՝ դուք պարա՞պ եք, որ եկել եք: Արսեն Այվազյանը հորդորեց շոուի չվերածել եւ այնքանով, որքանով ինքն իրավասու է, պատրաստակամություն հայտնեց հարցերի պատասխանել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ