ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այսօր այցելել է Սարդարապատ և Մյասնիկյան համայնքներ՝ մասնակցելու Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Դավիթ Գրիգորյանի, Հակոբ Հարությունյանի և 11 մյասնիկյանցիների ոգեկոչման միջոցառումներին:
Սարդարապատում Համբարձում Մաթևոսյանն ու Արայիկ Հարությունյանը նախ այցելել են պատերազմի ընթացքում հերոսական գործողությունների արդյունքում «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած, իսկ հետմահու «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրված Դավիթ Գրիգորյանի ընտանիքին, իրենց հարգանքն ու վշտակցությունը հայտնել հերոսածին ծնողներին, փառաբանել նրանց որդու սխրանքները: Այնուհետև համայնքային պանթեոնում պաշտոնյաները մասնակցել են մերօրյա հերոսի մահվան տարելիցի կապակցությամբ հուշարձան-տապանաքարի բացման և օծման արարողությանը՝ խոնարհվելով նրա և սարդարապատցի մյուս քաջերի հիշատակի առջև:
Ավագ սերժանտ Դավիթը, ով 2020թ թվականի սեպտեմբերի 27-ից Արցախում ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Կարախամբիլի-Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և 1 միավոր ՀՄՄ: Բարձր գնահատելով հերոս սարդարապատցու սխրանքները՝ նրա մահվան տարելիցին ընդառաջ համայնքի ավագանու որոշմամբ Սարդարապատի 15-րդ փողոցը, որտեղ ապրել է Դավիթ Գրիգորյանն, անվանակոչվել է վերջինիս անունով:
Մյասնիկյան համայնքում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել են Արցախյան 3-րդ պատերազմում հերոսաբար զոհված, հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած և «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրված Հակոբ Հարությունյանի և 11 մյասնիկյանցիների հիշատակին նվիրված խաչքարի և «Նռնենի» հուշ-պատի բացմանը, որին էլ հաջորդել է օրվա խորհուրդը լրացնող հիշատակի միջոցառումը՝ դպրոցի սաների մասնակցությամբ:
Կարդացեք նաև
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել հերոսածին ծնողներին, խոնարհումը՝ նրանց զավակների հիշատակին՝ նշելով. «Հայ ազգը կհարատևի, քանի դեռ կան Հակոբի նման խիզախ մարտիկներ, ովքեր իրենց երազանքներով լի և չապրած կյանքով արժանացել են Հայոց անմահ հերոսների հետևորդները կոչվելու պատվին: Մենք պարտավորվում ենք մեր առօրյա աշխատանքով, մեր նվիրումով շարունակել հերոսաբար ընկած քաջերի կիսատ թողած գործը: Փառք ու պատիվ բոլորին: Հավերժ հիշատակ մեր հերոսներին»:
Արմավիրի մարզպետարան