Լրահոս
Օրվա լրահոսը

10 ամսում կալանավորման 1703 միջնորդություն է ներկայացվել, 1405-ը բավարարվել է. Արամ Վարդեւանյան

Նոյեմբեր 03,2021 21:12

ՔԿՀ-ներում կորոնավիրուսից մահվան դեպք ունենք արդեն եւ դա մտահոգիչ է. այս մասին այսօր խորհրդարանում՝ հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը եւ այս համատեքստում կարեւորեց  ԵԽ հորդորի կիրառումը՝ գրավն իբրեւ խափանման միջոց հնարավորինս շատ կիրառել:  ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ իր գրասենյակը նամակով դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հասկանալու համար առհասարակ փակ հաստատություններում իրավիճակը:

Արամ Վարդեւանյանն անհանգստացնող վիճակագրություն հրապարակեց. 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 27-ը ՀՀ-ում դատարաններին է ներկայացվել 1703 միջնորդություն՝ կալանավորումն, իբրեւ խափանման միջոց ընտրելու մասին: Դրանցից 1405-ը բավարարվել է: Իրավաբան պատգամավորն անձի ազատության անձնական իրավունքի գերակայությունից հետընթաց է արձանագրում: Արման Թաթոյանն էլ հավելեց, որ տարիներ ի վեր խեղաթյուրված է կալանքը խափանման միջոց կիրառելու հարցը, ինչը լուրջ խնդիր է: Նա հույս ունի, որ նոր օրենսդրությամբ եւ նոր կարգավորումների պարագայում այս հարցը լուծում կստանա:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում, Արամ Վարդեւանյանը կարծիք հայտնեց, որ իր դիտարկմամբ, կալանավորումները սկիզբ են առել հատկապես հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին նախորդող ժամանակահատվածից եւ խոսքը այն մարդկանց մասին է, ում մեղքը դեռ ապացուցված չէ: 2020-ի ընդհանուր պատկերն, ըստ նրա, այսպիսին չի եղել:

ՔԿՀ-ներում կորոնավիրուսի տարածվածության մակարդակի, մահվան դեպքի առկայության եւ այս կալանավորումների վիճակագրության պայմաններում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի կալանքի տակ մնալու որոշմանը, Արամ Վարդեւանյանը համեմատություն անցկացրեց իշխող խմբակցության  պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը գրավով ազատ արձակելու որոշման հետ. «Արմեն Չարչյանն ունի անբասիր հեղինակություն, նախկինում երբևէ չարատավորված: Արմեն Չարչյանը կալանավորված է, չնայած առողջական խնդիրներին, իսկ մյուս դեպքով անձը ազատ է արձակվել: Բացի այդ՝ այդ գործը նախաքննության փուլում է, դատախազությունը նիստերին միշտ ասում է, որ կարեւոր է մարդը նախաքննության փուլում կալանավորված լինի, ակտիվ քննության փուլ է, մինչդեռ Արմեն Չարչյանի դեպքում գործը դատաքննության փուլում է, բոլոր ակտիվ գործությունները կատարվել են»:

Նա աբսուրդ է համարում, որ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը դեռ կալանավորված են, երբ կարելի է գրավ կիրառել:

Ընդդիմադիր պատգամավորը դրվատանքով խոսեց ՄԻՊ գրասենյակի, հատկապես վերջին տարվա աշխատանքի մասին եւ կարծիք հայտնեց, որ ժամանակն է ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման բարձրացումը օրենքով ամրագրել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930