«Զանգակ» գրատանը կայացավ արցախցի գրող, լուսանկարիչ Լիկա Զաքարյանի «44 օր. Օրագիր անտեսանելի պատերազմից» գրքի շնորհանդեսը։ Գիրքը Զաքարյանի՝ Ստեփանակերտի բունկերում 2020թ.-ի Արցախյան պատերազմի ժամանակ գրված օրագրային գրառումների, լուսանկարների, սոցիալական մեդիայի գրառումների և հոդվածների բազմաշերտ հավաքածու է։ Նրա խոսքով, այն նման է Աննա Ֆրանկի օրագրին, որտեղ ներկայացվում է Հոլոքոստը։
Գիրքը հրատարակվել է «Creative Armenia» մշակութային հիմնադրամի կողմից, հասույթն էլ ուղղվելու է «Creative Armenia»-ի՝ «Արվեստագետները հանուն Արցախի» ծրագրին։ Այս ծրագիրը ստեղծարար դրամաշնորհ է կինոգործիչների, լուսանկարիչների, գրողների և բոլոր արվեստագետների համար, որոնք իրենց ստեղծագործություններով ուշադրությունը սևեռում են Արցախին ու արցախցիներին։
Շնորհանդեսի ժամանակ հեղինակը պատմեց, թե ինչով էին զբաղվում նկուղում պատերազմի ժամանակ, այնուհետև ցուցադրվեցին պատերազմի օրերից լուսանկարներ, որոնց հեղինակը հենց ինքն է։
Կարդացեք նաև
Լիկա Զաքարյանը նշեց, որ նկուղում իր հետ էր նաև կիթառը։ Շնորհանդեսի ժամանակ նա կատարեց Արթուր Գրիգորյանի «Արցախ» երգը։
«Գիրքը կմնա որպես հետք, հետագայում գուցե կդիտվի որպես ուսումնասիրությունների աղբյուր»,- ասում է Լիկա Զաքարյանը։
Գրքում դեպքերը ներկայացված են օրերով։ Հեղինակը գրքից ընթերցեց այն հատվածը, որ գրել էր 2020 թվականի նոյեմբերի 3-ին։
«Սեպտեմբերի 27-ից սկսած՝ ես իմ ուսուցիչների ցուցակում ավելացրել եմ նաև նկուղները, քանի որ նրանք շատ բան են սովորեցրել ինձ»,- կարդում է գրքից։
Գիրքը երեք լեզուներով է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Գրքի հայերեն և անգլերեն տարբերակները արդեն վաճառքի են, իսկ ռուսերեն տարբերակը դեռ տպարանում է։ «Creative Armenia»-ի ներկայացուցիչ Մարիամ Իսրայելյանը նշեց, որ գիրքն այս պահին վաճառվում է միայն «Զանգակ» գրատանը, սակայն հետագայում այլ գրախանութներում եւս կվաճառվի։
Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ