Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսից պատվաստման բացառությունները ՄԻՊ-ը խտրական է համարում

Նոյեմբեր 03,2021 20:35

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սխալ եւ խտրական մոտեցում է համարում 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջից որոշ անձանց համար բացառություններ նախատեսել: Այս մասին այսօր Արման Թաթոյանն ասաց խորհրդարանում, հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին: Պատգամավորը հիշեցրել էր ՀՀ առողջապահության նախարարի որոշումը, ըստ որի, հոկտեմբերի 14-ից աշխատող քաղաքացիները պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կամ պատվաստված լինելու հավաստագիր, կամ՝ ՊՇՌ թեստի պատասխան, որում կան բացառություններ նախագահի, վարչապետի, համայնքի ղեկավարների, պատգամավորների, դատավորների, գլխավոր դատախազի եւ ՄԻՊ-ի համար: Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք մարդու իրավունքների խտրականություն չէ սա:

«Մենք քաղաքացուն չենք կարող բացատրել, թե ինչո՞ւ համար են այս պաշտոնյաներն ազատվում: Եթե նպատակը իրավաչափ հանրային առողջությունը պաշտպանելն է, ապա մենք ունենք ավագանիներ, որոնք ավելի շատ են մարդկանց հետ շփվում, քան ինչ-որ գերատեսչության ծառայող, որն իր աշխատասենյակում է»,- ասաց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ այս որոշումով հասարակության շրջանում ավելորդ անվստահության խնդիրն է առաջ բերվել: Ըստ Արման Թաթոյանի, այդ մարդիկ հանրային բարձր պաշտոնյաներ են եւ նրանք հանրային պատասխանատվության ուժով պետք է պարտադիր իրացնեն իրենց պատասխանատվությունը: Ըստ ՄԻՊ-ի, զավեշտալի իրավիճակ կստեղծվի, եթե մենք առաջնորդվենք հանրային բարձր պաշտոնյաներին պարտադիր պատասխանատվության ուժով  կամ տուգանքների գնով ստիպենք դա անել: Արման Թաթոյանը հայտարարեց, որ ինքն, օրինակ, պատվաստված է, թեեւ բացառությունների ցանկում ՄԻՊ-ն ընդգրկված է:

Արման Թաթոյանը զերծ մնաց իրավական գնահատականներ տալ պատվաստումների պարտադիր բաղադրիչին, քանի որ ՍԴ-ում համապատասխան դիմում կա:

Արեգնազ Մանուկյանն էլ հստակեցրեց՝ ինքը հակապատվաստումային քարոզ չի տանում, ինքը դեմ է նման երկիմաստ բացառություններին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930