Նոյեմբերի 3-ին Մեղրի քաղաքում Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունն ու Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիոն հուշագիր ստորագրեցին, ինչի մասին արդեն Aravot.am-ը գրել էր։ Ըստ այդմ, 5 տարվանից՝ երկուսուկես տարի Մեղրին կառավարելու է «Ազատական» կուսակցության թեկնածուն Խաչատուր Անդրեասյանը։
Հոկտեմբերի 17-ին կայացած Մեղրու ավագանու ընտրություններում, «Հանրապետություն» կուսակցությունը՝ ստացավ 42,8 տոկոս քվե՝ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացավ՝32,8 տոկոս՝ 5 մանդատ, «Ազատական» կուսակցությունը՝ 14.4 տոկոս՝ 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոս՝ 2 մանդատ:
«Հուշագիր ենք ստորագրում 5 տարի կառավարման փուլերը միմյանց մեջ հավասարաչափ բաշխելու, կիսելու, կառավարելու համար։ Մենք կառավարումը իրականացնելու ենք մեկս մյուսի հետ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջեւ։ Առաջին 2.5 տարին կառավարումը իրականացնելու է «Հանրապետություն» կուսակցությունը իր եւ «Ազատական» կուսակցության թիմի հետ, իսկ երկրորդ փուլը 2 տարի 6 ամիս ժամկետով «Ազատական» կուսակցությունը՝ իրենց կողմից նշանակված ցանկացած մարդու հետ»,- հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Բագրատ Զաքարյանը։
Կարդացեք նաև
Մեր աղբյուրները չեն բացառում, որ ավագանու առաջին նիստը ընթանա լրիվ այլ սցենարով։ Ի դեպ, տեսակետ կա, որ Նիկոլ Փաշինյանը չի ների ո՛չ Սամվել Բաբայանին, ո՛չ Արամ Սարգսյանին եւ առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կարող են տհաճ անակնկալներ լինել։ «Սամվել Բաբայանը, իբր արդարացել է վարչապետի մոտ, որ տարբեր կուսակցություններ փոխած Տուլին՝ Խաչատուր Անդրեասյանն այլեւս իրեն չի լսում»,-հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր աղբյուրը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ