Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը 2022-ին կավելանա ընդամենը մոտ երկու տոկոսով

Նոյեմբեր 03,2021 19:30

Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջեն 2022-ին, 2021-ի համեմատ, ավելացել է 1.92 տոկոսով: Այն կազմում է 542 միլիոն 700 հազար դրամ՝ 2021 թվականի պետբյուջեով նախատեսված 532 միլիոն 500 հազար դրամի դիմաց:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախարարին հիշեցրեց, որ մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկել էր Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի հոդվածներից մեկը փոխել, ինչի արդյունքում ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը կրճատելու էր: Հիշեցնելով, որ դա մեծ աղմուկ բարձրացրեց, նաեւ միջազգային կառույցներն անդրադարձան այդ հարցին, ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց՝ նախագիծը դեռ մնո՞ւմ է օրակարգում: Նախարարը պատասխանեց՝ քանի դեռ այն սահմանված կարգով ներկայացված չէ խորհրդարանի քննարկմանը, ուրեմն այն չունի կարգավիճակ, որն արժե այժմ քննարկել:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ֆինանսավորման մոտ երկու տոկոսով աճը. «Գիտենք, որ ՄԻՊ-ի գրասենյակի ծանրաբեռնվածությունն այս տարիներին ավելի է մեծացել, ենթադրաբար, հաստիքների համալրման ավելի շատ կարիք կար: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է ընտրվել այդ չափով բարձրացումը»:

Նախարարը բացատրեց. «Ինչպես մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այնպես էլ մյուս բոլոր գերատեսչությունների դեպքում, բյուջեի նախագծում ներառված վերջնական ֆինանսական ցուցանիշներն արտացոլում են այն իրավական ակտերի ֆինանսական պատկերը, որոնք կայացված են: Եթե մենք խոսում ենք հաստիքակազմի մասին, Ֆինանսների նախարարությունը պետբյուջեի նախագիծը քննարկելու, ամփոփելու փուլում իրավասու չէ քննարկել, թե ո՞ր պետական կառավարման մարմինը որքա՞ն հաստիքներ պետք է ունենա կամ այդ հաստիքներն ինչպիսի՞ պաշտոնային աստիճաններ պետք է ներկայացնեն: Մենք միայն ստուգում եւ պետբյուջեի նախագծում արտացոլում ենք  կայացված որոշումներին համապատասխան իրավական ակտերով ամրագրված ֆինանսական ցուցանիշները»:

Պատգամավորն արձագանքեց՝ 2018-ին ՄԻՊ գրասենյակին դիմել է 10 հազար 740 քաղաքացի, 2019-ին՝ 13 հազար 140 քաղաքացի, 2020-ին՝ 14 հազար 780 քաղաքացի, նկատելով, որ շեշտակի աճել է ՄԻՊ գրասենյակին դիմողների ցուցանիշը եւ նկատեց, որ այդ դիմումները պետք է սպասարկել. «Դրանից ավել ի՞նչ հիմք է պետք, որ կառավարությունը համարժեք պատասխան տար այս իրավիճակին՝ աշխատակիցների ներգրավման տեսքով»:

Նախարարն էլ իր հերթին արձագանքեց՝ եթե անգամ դիմումների քանակը մնար նույնը, սակայն հիմնավորվեր, որ եղած աշխատակազմը իր հաստիքային կազմով դիմումների բնույթի փոփոխության պատճառով ավելի մեծ ծավալի աշխատանք է կատարում, այդ հարցը կարող էր քննարկվել: Եթե հիմնավորումները լինեն, նախարարը վստահեցնում է, որ կառավարությունը, սահմանված կարգով, այդ որոշումները կկայացնի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930