Նոյեմբերի 1-ին և 2-ին ռեժիսոր Միքայել Աբրահամյանի բեմադրությամբ Երևանում կայացավ «Բանտարկյալը» ներկայացումը, որը հոգեբանական դրամա է՝ երկու գործողությամբ: Ներկայացումն առանձնանում էր տեխնիկական ու ռեժիսորական ինքնատիպ լուծումներով, դերասանական կազմով, բեմանկարչությամբ ու հագուստի մոդելավորմամբ:
Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ հենց «Բանտարկյալը», ներկայացման ռեժիսոր Միքայել Աբրահամյանը պատասխանել է. «Բանտարկյալը մարդն է՝ մի շարք պարտադրված սահմանափակումների մեջ, որոնք կյանքի ընթացքում դրվում են ինքնակամ և մեր կամքից անկախ,-ասել է ռեժիսորը, շարունակելով,-ես ցանկանում էի ներկայացնել անհատ-հասարակություն պայքարը, մարդու պայքարն իր իսկ դրած սահմանների հետ և հոգևոր դատարկվածության հետևանքները։ Մերկ հոգով հերոսներս փորձում են զգացմունքների ու զգացողությունների վերագտմամբ ապրելու ուժ ստանալ։ Պատմությունն ամբողջությամբ արտահայտում է մտքերս, սակայն յուրաքանչյուր հանդիսատես կարող է գտնել սեփական սահմանափակման անդրադարձը կամ գաղափարական առավել հետաքրքրող մասը»:
Գլխավոր հերոսուհու՝ Աննայի դերակատար Լիլիթ Սալնազարյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ հոգեբանական բարդ ու ճնշող էր ապրել իր կերպարին` Աննային, իր հոգեվիճակով, ընկալել նրա ապրումներն ու վարքային առանձնահատկությունները։
Կարդացեք նաև
«Մինչ ներկայացումը փնտրտուքների մեջ էի. ուսումնասիրում էի բռնության ենթարկված կանանց պատմություններ, փորձում հասկանալ՝ ինչ հետևանքներ ու փոփոխություններ է բերում նման երևույթը կնոջ հոգեբանության մեջ։ Պարզվեց, որ մեծ մասամբ կանայք վախենում կամ ամաչում են խոսել այդ մասին, լռում են, մեկուսանում իրենց ցավի հետ…,-ասել է Լիլիթ Սալնազարյան, ավելացնելով,-վախենում են խոսել, որովհետև հասարակությունը, ու նույնիսկ հարազատները կմեղադրեն և ոչ թե կփորձեն օգնել, ձեռք մեկնել։ Եվ այդ միայնակ լռությունն էլ հանգեցնում է հոգեբանական տարբեր խնդիրների, քչերն են, որ տարիներ անց կարողանում են բաց թողնել իրենց հետ պատահածի հիշողությունն ու սկսել նորից ապրել»:
Լիլիթի հավաստմամբ՝ եղել են պահեր, որ Աննայի հոգեվիճակից այնքան է ճնշվել, որ անգամ փոշմանել է, որ խաղում է սույն ներկայացման մեջ:
«Ներկայացման ընթացքում հիմնականում երևակայությանս եմ դիմում, ստեղծում պատկերներ ու սկսում հավատալ, որ դրանք իրական են ու այդ ամենն ինձ հետ է կատարվում: Գիտեմ, երբ եմ իսկապես զգում և երբ եմ ստում: Սակայն ինձ մոտ միշտ էլ ինչ- որ բան թերի արածի զգացողություն է մնում. գիտեմ, որ կարող էի ավելին տալ հանդիսատեսին, բայց թերացա»,-ասել է Լիլիթ Սալնազարյանը:
Բարդ ու մանրակրկիտ աշխատանք էր տարված նաև բեմանկարչության ու հագուստի ձևավորման տեսանկյունից: Կերպարներն ավելի ազդեցիկ էին դառնում նորաձև ու յուրօրինակ հագուստներով:
Բեմանկարիչ և հագուստների մոդելավորող Վահե Քոթանյանը Aravot.am-ին ասել է, որ իր առջև կերպարն ամբողջացնելու խնդիր էր դրված և այդ պատասխանատու, միաժամանակ հետաքրքիր աշխատանքը սիրով կատարեց:
«Պետք է ստանայի կերպար, քանի որ Աննան՝ գլխավոր հերոսուհին, նորաձևության տան տնօրեն է, այդ իսկ պատճառով հայկականությունը և էլեգանտությունը փորձել եմ մոդեռնիզացված տարբերակով ներկայացնել: Մշակվել է ըստ դետալային առանձնահատկությունների, ընտրվել է հայկական տարազաձևվածքի նախահիմք և զարդանախշեր, որի նպատակը կրկին հայկական մշակույթի թեմայի արտահայտումն է: Կարվել է թվով 7 հագուստ, որին կցվել է իմ կողմից հատուկ զարդահամալիր: Տղաների հագուստները նույնն է եղել՝ աջ ուսից կախված շղթաներ, որոնք անազատության խորհուրդն են փոխանցել բանտարկյալ կյանքի մեջ»,-ասել է Վահե Քոթանյանը:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ