Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դիրքորոշումն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորում

Նոյեմբեր 03,2021 19:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում ու բարձր է գնահատում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2019 թվականից սկսվել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը միտված է հարաբերությունների հետագա զարգացմանն ու առաջմղմանը: «Ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ կառավարության դերը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Վերջերս այս առումով արձանագրել ենք կոնկրետ արդյունք՝ ի դեմս Պարեկային ոստիկանության ստեղծման»,- ասել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել նաև ԱՄՆ դերը ընթացիկ տարվա հունիսին Ադրբեջանից 15 հայ գերիների վերադարձի գործում: Վարչապետը գոհունակությամբ է արձանագրել, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, Ադրբեջանում պահվող հայ գերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի ապահովմանը, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը, վերջերս Նյու-Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպումը և համանախագահների սպասվող այցը տարածաշրջան: Նիկոլ Փաշինյանը շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհրաժեշտությունը և նկատել, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետը: ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանային կոմունիկացիների բացման ու Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման հնարավորություններին՝ ներկայացնելով մեր երկրի հստակ դիրքորոշումները: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված կառավարության հետագա ծրագրերի ու քայլերի վերաբերյալ՝ շեշտելով, որ մեր երկիրը շարունակելու է հետևողականորեն ու հաստատակամ շարժվել ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը նշել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը: Միաժամանակ, նա ընդգծել է ժողովրդավարական բարեփոխումների գործում ՀՀ կառավարությանը շարունակական օժանդակություն ցուցաբերելու ամերիկյան կողմի շահագրգռվածությունը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930