Ռուսաստանը պաշտպանում է 3+3 տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու գաղափարը և կարծում է, որ ժամանակն է այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կարծում ենք, եկել է ժամանակը այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: Բազմակողմ տարածաշրջանային գործակցությունը բխում է տվյալ ձևաչափի ենթադյալ բոլոր մասնակիցների շահերից»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարծում է, որ այդ ձևաչափը կնպաստեր միջազգային հարթություններում վստահության բարձրացմանը, առկա տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ներուժի բացահայտմանը:
Զախարովան նաև նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկը թույլ կտա համալիր լուծում գտնել եղած խնդիրներին: Նա հիշեցրել է, որ շուտով կլրանա ռազմական գործողությունների դադարն ազդարարող եռակողմ հայտարարության ընդունման մեկ տարին, և այդ կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ:
Կարդացեք նաև
«Նախարարները համակարծիք են եղել, որ անցյալ տարում իրավիճակը տարածաշրջանում կայունացել է, կրակի դադարեցման ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվել է, Բաքվում և Երևանում բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը, առանձին միջադեպերը կարգավորվում են երկու կողմերում ձևավորված խողովակներով, ջանքեր են գործադրվում տրանասպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ սահմանային միջադեպերը կարգավորելու նպատակով շփումները կողմերի հետ շարունակվում են և՛ ԱԳՆ, և՛ ՊՆ և սահմանային ծառայությունների խողովակներով: Ակտիվ աշխատանք է տարվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ