Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2021-ին ՄԻՊ գրասենյակը 16 հազար բողոք է ստացել

Նոյեմբեր 03,2021 17:39

2015 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ունեցել է 5 հազար 200 բողոք, 2020-ին՝ 14 հազար 780 բողոք: 2020-ի նույն ժամանակահատվածում բողոքները եղել են 11 հազար 598 անձից բողոք, 2021-ի նույն ժամանակահատվածում բողոքները կազմում են 16 հազար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գրավոր բողոքներն էլ են կրկնակի աճել. անցած տարի դրանք եղել են 3000-ից ավելի, այս տարի գերազանցում են 6000-ը: Թեժ գծի արագ արձագանքման զանգերը եւ այցերը նույնպես ավելացել են: Այս տվյալներն այսօր խորհրդարանում, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, 2021 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հրապարակեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա հավելեց, որ անցած տարվա իրադարձությունները էականորեն փոխել են ՄԻՊ գրասենյակի աշխատանքային ուղղությունը:

Արման Թաթոյանը կարծիք հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակը պետք է ուժեղացնի իր գործունեությունը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, ինչն այժմ իրենք անում են հետեւողականորեն: Այս առիթով ՄԻՊ գրասենյակը խորհրդարանական համապատասխան հանձնաժողովներին առաջարկներ է ներկայացրել զինծառայողի կարգավիճակի փոփոխության, բնակարանային ապահովության հարցերով եւ այլն: «Ստացվել է այնպես, որ 20 ու ավելի տարվա զինվորական ծառայության կենսագրություն ունեցող սպան ոչ միայն չունի սեփական բնակարան, այլ բնակվում է վարձակալությամբ ու, բնակվարձի անհամաչափ փոխհատուցման արդյունքում՝ նույնիսկ ստիպված է լինում վճարել իր գրպանից՝ աշխատավարձի հաշվին»,- ասաց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ն առաջարկում է ուժեղացնել խորհրդարանական վերահսկողությունը անվճար բժշկական օգնության հարցերում, ռազմական դրության զորահավաքի ժամանակ զինծառայողների իրավունքներին վերաբերվող հարցերում. ՄԻՊ-ն առաջարկում է այդ պարագայում անհատական մոտեցում ցուցաբերել զինվորականներին: Արման Թաթոյանի արձանագրմամբ՝ զորակոչի հետ կապված խնդիրները վերջին տարիներին էական բարելավվել են, այդ թվում նաեւ ՄԻՊ գրասենյակի ներկայացրած առաջարկների շնորհիվ:

Արման Թաթոյանը կարեւորում է անվտանգային հարցերը, բայց այն կարծիքին է, որ դրանք չպետք է ստվերեն մնացյալ հարցերը:

ՄԻՊ-ի արձանագրմամբ, մենք հոգեբույժների լուրջ խնդիր ունենք: Նա ասաց, որ հոգեբուժարանների մասին արտահերթ զեկույց է պատրաստում: 2017-ի իր զեկույցի հրապարակումից հետո, ըստ նրա, ոչինչ չի փոխվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930