Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 25-ի դրությամբ 7 քրեական գործ է հարուցված. ՊԵԿ-ում հայտնաբերված պաշտոնեական հանցագործությունների կանխարգելման խնդրով գլխավոր դատախազը դիմել է ՊԵԿ նախագահին

Նոյեմբեր 03,2021 16:47
dataxazutyun text

 2020թ. օգոստոսից, 2021թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ, ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում 7 քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայողների կողմից պաշտոնեական տարաբնույթ հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ, որոնցով նախաքննությունը, դատախազական պատշաճ հսկողության ներքո, կատարվել է ՀՀ ՀՔԾ-ում:

Վերոնշյալ քրեական գործերից 3-ով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն վարչության «Բագրատաշեն» մաքսային կետի 4 ծառայողներին, հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային  կետի մաքսային 3 ծառայողներին:

Քրեական գործերով հիմնավորվել է,որ նշված մաքսակետերի տեսուչները, միմյանց, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների հետ գալով հանցավոր համաձայնության, պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում կամ տարբեր չափերի կաշառք ստանալու դիմաց թույլ են տվել, որպեսզի տնտեսվարողներն առանց պատշաճ մաքսային հսկողության ՀՀ ներմուծեն տարբեր տեսակի ապրանքներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ընդհուպ առանձնապես խոշոր չափերի վնասներ:

Հարուցված մյուս 4 քրեական գործերով բազմաթիվ դրվագներով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի 4,  թիվ 1 բաժնի 4, ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային /Արարատի/ թիվ 9 բաժնի 2, թիվ 2 /Էրեբունու/ բաժնի հարկային 2 տեսուչների, օպերլիազորների:

ՀՀ ՀՔԾ-ում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ հարկային ծառայողները, նախնական համաձայնության գալով իրենց սպասարկման ոլորտում գտնվող համայնքներում ու բնակտարածքներում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների հետ, վերջիններիս կողմից հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգումներ չիրականացնելու, ստուգումների ընթացքում ի հայտ եկած խախտումներն ամբողջությամբ կամ մասամբ չարձանագրելու համար նրանցից պահանջել են տարբեր չափերի առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 6.000.000 ՀՀ դրամ կաշառք, որի մեծ մասը փաստացի ստացել են, առանձին դեպքերում բաժանել միմյանց միջև, իսկ մնացած փոքր մասը ստանալ չեն հասցրել՝ բռնվելու պատճառով:

Այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու, առանձին դեպքերում՝ նաև պաշտոնեական անփութության կամ պաշտոնեական կեղծիք կատարելու համար 7 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ աշխատակից՝ հարկային կամ մաքսային  ծառայող հանդիսացող ընդհանուր 19 անձի, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բավարար համարելով ձեռք բերված ապացույցները՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված քրեական գործերից 6-ը՝ ընդհանուր 25 անձի, այդ թվում նաև ՊԵԿ աշխատակիցների հետ հանցավոր համաձայնությունների և գործարքների մեջ մտած տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:

Վերոնշյալ բացահայտումները վկայում են, որ մի կողմից առավել արդյունավետ է դարձել մաքսային և հարկային ծառայողների կողմից պաշտոնեական հանցագործությունների, կոռուպցիոն դրսևորումների դեմ իրավապահ մարմինների պայքարը, սակայն մյուս կողմից՝ այս ոլորտում ներքին վերահսկողական մեխանիզմների գործադրման թերացումները:

Նախաքննությամբ ստացված տվյալները փաստում են, որ մաքսային կետ-բաժիններում աշխատակիցների կողմից ՀՀ տարածք ներմուծված բեռների մաքսային ձևակերպումների, մաքսազերծումների ընթացքի, ինչպես նաև տնտեսվարողների կողմից հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները հարկային տեսուչների կողմից պատշաճ արձանագրելու, հարկերի հավաքագրման գործընթացների նկատմամբ արդյունավետ հսկողություն չի իրականացվել: Ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները և ստուգումները մի շարք դեպքերում կրել են ձևական բնույթ, վերադաս իրավասու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել աշխատակիցների վրա դրված պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու ուղղությամբ:

Ելնելով վերոնշյալից՝ քրեական գործերով պարզված՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու, տնտեսվարողների հետ անմիջական աշխատանքային հարաբերությունների մեջ մտնող հարկային և մաքսային ծառայողների գործունեության նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմներ ներդնելու, հնարավոր չարաշահումները և ոչ իրավաչափ վարքագիծը ժամանակին հայտնաբերելու և կանխելու հարցում համապատասխան ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց պատասխանատվության մակարդակը բարձրացնելու խնդրով ՀՀ գլխավոր դատախազը գրություններ է հասցեագրել ՀՀ ՊԵԿ նախագահին:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930