Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ջամալյան. «Պայմանագրերի ստորագրության բուն նպատակը Արցախից դե յուրե հրաժարվելն է»

Նոյեմբեր 03,2021 15:16

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այսօր «Հայելի» ակումբում մեկնաբանել է այն վտանգները, որոնք թաքնված են առաջիկայում սպասվող նոր փաստաթղթերը ստորագրելու հետեւում:

«Իրերը պետք է կոչել իրենց անունով: Եթե դու ստորագրում ես միջպետական պայմանագիր, որով որոշում ես սահմանները հարեւան երկրի հետ, տվյալ պարագայում՝ թշնամու հետ, դու ճանաչում ես նրա տարածքային ամբողջականությունը այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում, որ ճանաչես: Կարելի է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի 12 հազար քմ. տարածքը հայապատկան պահելով: Բայց ոչ, սրանք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ուզում են ճանաչել այնպիսի տեսքով, որպիսին Բաքվում, Անկարայում եւ Լոնդոնում են ցանկանում տեսնել: Հետեւաբար, պայմանագրերի ստորագրության բուն նպատակը Արցախից դե յուրե հրաժարվելն է»,-ասաց Դավիթ Ջամալյանը եւ խոսեց նաեւ այսօրվա իշխանությունների հաջորդ գերնպատակի մասին:

«Հաջորդ գերնպատակը, որ նիկոլական իշխանությունը անպայման կյանքի է կոչելու այդ պայմանագրերը ստորագրելուց հետո, ռուսական ներկայությունը Հայաստանից վերացնելն է: Տրամաբանությունը շատ հստակ է: Եթե իրենք ստորագրում են ամեն ինչ, եթե իրենք, ինչպես հայտարարում են, խաղաղության դարաշրջան են բացում, ինչը լավագույն դեպքում ցինիզմ է եւ ինքնախաբեություն, որովհետեւ չկա խաղաղության դարաշրջան, երբ դու ծնկի իջած կարգավիճակում ես, այն էլ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի առջեւ, որոնց ծավալապաշտական նկրտումները օրըստօրե ավելի հարաճուն են դառնում, եթե բոլոր պայմանագրերը ստորագրում ես եւ առերեւույթ հռչակում, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից այլեւս Հայաստանի Հանրապետությանը վտանգ չի սպառնում, ապա հարց է առաջանում՝ բա ռուսական ռազմաբազան այստեղ ի՞նչ գործ ունի: Եվ հիմա, երբ Հայաստանում աննախադեպ թափով ու ծավալով տարվում է հակառուսական վարձու քարոզչություն, ըստ էության, ռուսական բազան դուրս բերելու ինֆորմացիոն-հոգեբանական նախապատրաստության փուլն է գործադրվում: Այսինքն, հանրային դիրքորոշում պետք է ձեւավորել, թե Ռուսաստանը դավաճանել է մեզ, այն աղետը, որ մեր գլխին եկել է, իբրեւ թե ռուսական ուղղորդմամբ է եղել, և, ըստ այդմ, հուսալի դաշնակից Ռուսաստանի մասին խոսել չարժե: Ու ինչ է հաջորդելու այս ամենի՞ն. պայմանագրերը ստորագրվում են թշնամու հետ, առերեւույթ խաղաղության ինչ-որ պատրանք է ստեղծվում եւ Ռուսաստանին դուրս են հանում երկրից»,-ասաց Դավիթ Ջամալյանը, որի համոզմամբ այս իշխանության դիմակը կպատռվի միայն այն ժամանակ, երբ վրա կհասնի Ռուսաստանի դեմ պահանջ դնելու ժամանակը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930