Ատոմային էլեկտրակայանը եւ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան սկսել են 24 ժամ աշխատել՝ հիվանդանոցներին թթվածին ապահովելու համար: Կորոնավիրուսի բարձր տեմպով պայմանավորված՝ մեր երկրի բուժհաստատություններում թթվածնի պակաս է առաջացել:
Լաբորատորիան աշխատում է գերծանրաբեռնված, ինչի հետեւանքով կորոնավիրուսի ամենապիկ ժամանակներում մի քանի անգամ վթարներ են տեղի ունեցել: Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանը՝ նշելով, որ հիմնարկի կրիոգեն՝ թթվածին մատակարարող կայանը 60 տարվա է:
Նրա խոսքով՝ սփյուռքահայ բժիշկների հետ համագործակցությամբ, անցյալ տարի նոր կայան են ներմուծել: Անի Ապրահամյանի տվյալներով, կայանն օրական արտադրում է 2600 լիտր հեղուկ թթվածին: Անցյալ շաբաթ թթվածնի պահանջարկն, ըստ նրա՝ 4 անգամ ավելին էր, քան արտադրանքը. «Առողջապահության նախարարությունը մեզ դիմել է, որպեսզի ամբողջ արտադրանքն իրենք վերցնեն, նախկինում հիվանդանոցներն էին մեզ դիմում: Հիմա մենք տրամադրում ենք նախարարությանը, որպեսզի իրենք բաժանեն՝ ըստ կարիքի»:
Լաբորատորիայի տնօրենն ասաց, որ թթվածնի պահանջարկի պիկը եղել է նաեւ անցյալ տարվա ապրիլին եւ նոյեմբերին, սակայն հավելեց, որ այս տարվա նոյեմբերն ավելի ծանրաբեռնված են աշխատում: Նրա խոսքով՝ կրիոգենի հին կենտրոնը նույնպես գործարկում են, եթե վթարները վերացնում են:
Կարդացեք նաև
Անի Ապրահամյանը գտնում է, որ այդ ենթակառուցվածքը պետք է հզորացնել, որպեսզի, ինչպես պատերազմի ժամանակ էր, Վրաստանից թթվածին չբերեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ