«2022թ․-ի համար 1 միլիարդ 602 միլիոն 527 հազար դրամի բյուջետային հայտ ենք ներկայացրել, որից 99%-ը հատկացվելու է նախագահի գործունեության եւ ներկայացուցչության համար»,-ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2022թ․-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը (լուսանկարում)։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց․ «2021թ․-ի հուլիսի մեկից մինչեւ հոկտեմբերի երեսունմեկը աշխատանքային են 85 օրերը, որոնցից 54-ը ՀՀ նախագահն անցկացրել է ոչ ՀՀ-ում՝ պաշտոնական եւ մասնավոր այցերով գնալով արտասահմանի յոթ երկրներ։ Երբ նախագահի ինստիտուտի ծախսերի 25-30%-ը կազմում են գործուղումները, թյուրըմբռնում է առաջանում՝ նախագահի ինստիտուտը որքանո՞վ է արդյունավետ իրականացնում իր գործառույթը»։
Խաչատուր Պողոսյանը պատասխանեց․ «Չունենք վերլուծություն, թե քանի տոկոսն է հատկացվել գործուղումներին։ Մենք ուղղակի փորձում ենք մեր համար նախատեսված միջոցներով կազմակերպել նախագահի բնականոն գործունեությունը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ