Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետ. «Նիկոլ Փաշինյանի ռեժիմը վերջնականապես թաղելու է Արցախի հայապատկանության գաղափարը»

Նոյեմբեր 03,2021 14:38

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այսօր «Հայելի» ակումբում խոսել է ՀՀ եւ Արցախի սահմանների անվտանգության, սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների եւ Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման մասին:

«Սկզբունքորեն կանխատեսելի ընթացքով դեպքերը, իրադարձությունները զարգանում են եւ եթե անգամ ոչ նոյեմբերի 9-ին, ապա ակներեւ է, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը վերջնականապես թաղելու է Արցախի հայապատկանության գաղափարը՝ հերթական մի ինչ-որ կապիտուլյացիա, կեղտոտ ապազգային մի բան ստորագրելով: Ե՞րբ կլինի դա՝ նոյեմբերի 9-ին, թե ավելի ուշ, սկզբունքորեն կարեւոր չէ:

Սկզբունքորեն էական է, որ հասարակությունը վերջապես գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր հետ միասին իր խառնամբոխը իշխանության է բերվել ազատագրված հայրենիքը սկուտեղի վրա հակառակորդին մատուցելու համար: Այդ գաղափարի մի զգալի մասը նրանք արդեն կյանքի են կոչել: Դեպքերի պատճառահետեւանքային կապը երբ ուսումնասիրում ես, պարզ է դառնում, որ հենց այդ նպատակով էլ նրանք բերվել են իշխանության: Հաշվի առնելով, որ մարդկանց մի զգալի մասը ոչ բանակցային գործընթացի մանրամասներին է տիրապետում եւ ոչ էլ պատրաստ է ընկալել այն, որ իրենց ընտրյալը ապազգային նպատակներ կյանքի կոչելու համար է բերվել, իրենք քայլ առ քայլ անգլո-թուրքական ծրագիրը կյանքի են կոչում:

Ասվածի ապացույցը տեսեք: ԱԺ-ում վերջին երկու-երեք ամիսներին ուղղակի զարհուրելի կոչեր ու մտքեր են հնչում: Այնպիսի կոչեր, մտքեր, որոնք երբեք Նիկոլ Փաշինյանը եւ նրա խառնամբոխը չէր արտահայտի 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների հարթակից: Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ խառնամբոխից մեկը, որը նախկին կոմկուսի նոմենկլատուրայից է, ինչպես հիմա է իրեն թույլ տալիս, կանգներ ու ասեր, որ շատ վտանգավոր է այն թեզը, թե Հայաստանն առանց Արցախի ապագա չունի: Այսինքն, խնդիրը այն չէ, թե առանց Արցախի հայոց պետականություն կարող է լինել, թե չէ, հարցն այն է, թե մարդիկ Ադրբեջանի կազմում կարող են ապրել, թե ոչ: Այդ մարդը հարթակում չէր լինի եւ այդ գաղափարը հարթակից չէր հնչի, որովհետեւ այն ժամանակ հարկավոր էր մարդկանց մոլորեցնել: Հիմա հասել է պահը, որ Արցախի մի ինչ-որ հատվածի, որ այնուամենայնիվ հայապատկան է, ապագան անորոշ է: Եվ հիմա այդ բրիտանա-թուրքական ծրագիրը պետք է վերջին հասցնել եւ պետք է ինչ-որ բան ստորագրել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ամբողջ Արցախից՝ եւ օկուպացված 75 տոկոսից եւ մնացյալ 25-ից դե յուրե հրաժարվի եւ այն մատուցի Ադրբեջանին: Եվ սա պետք է իրավական առումով հաստատագրվի: Հենց այդ պատճառով էլ այո, հիմա այս հավաքածուն փորձում է իրենց իշխանության բերվելու հիմնական նպատակի վերջին արարը խաղարկել՝ ի դեմս այդ փաստաթուղթը ստորագրելու: Որովհետեւ եթե ձեռնամուխ է լինում Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացին՝ զուգահեռաբար պնդելով, թե Սոթքից Խոզնավար հատվածը պետք է նախ եւ առաջ այդ պրոցեսներով անցնի, ապա ընդունվում է, որ դրանից այն կողմ Ադրբեջան է:

Էլի, էլի ու էլի, Սոթքից մինչեւ Խոզնավար ՀՀ սահմանից այն կողմ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հյուսիսային թեւն է եւ Շահումյանի շրջանն է: Տարածքներ, որոնք նոյեմբերի 9-ին այս բոլուկը ուղղակի սկուտեղի վրա մատուցեց Ադրբեջանին:

Եթե իրերը կոչենք իրենց անունով, այն, ինչ պետք է ստորագրվի, ըստ էության նշանակում է դե յուրե ամրագրել Արցախի ոչ միայն տարածքների օկուպացիան, այլեւ ըստ էության ձեռքերը լվալ ու հրաժարվել Արցախի հայապատկանության գաղափարին տեր կանգնելուց»,-ասաց ռազմական փորձագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930